Փենսիլվանիա նահանգի Քլերթոն քաղաքում գտնվող US Steel-ի գործարանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, տասը՝ վիրավորվել, իսկ արտակարգ իրավիճակների ծառայությունները փնտրում են անհայտ կորած մի աշխատակցի, հայտնում է AP-ն։
Օգոստոսի 11-ին, U.S. Steel ընկերությանը պատկանող Փենսիլվանիա նահանգի Clairton Coke Works գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Այս ողբերգական դեպքի հետևանքով մեկ մարդ զոհվել է, տասը՝ վիրավորվել, իսկ մեկ աշխատակից համարվում է անհայտ կորած։
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 10:51-ի սահմաններում։ Դրա հետևանքով առաջացել է սև ծխի սյուն, որը տեսանելի է եղել քաղաքի տարբեր հատվածներից։ Դրանից հետո բռնկվել է լայնածավալ հրդեհ, որի արդյունքում վնասվել են գործարանի երկու կոքսային մարտկոցներ։
Դեպքի վայր են օպերատիվորեն ժամանել փրկարար ծառայությունները, այդ թվում՝ հրշեջներն ու բուժաշխատողները։ Տուժածներից մեկին փլատակների տակից դուրս են բերել պայթյունից մի քանի ժամ անց։ Ընդհանուր առմամբ, տասը մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ, յոթը՝ Allegheny Health Network, երեքը՝ UPMC Mercy։ Նրանց առողջական վիճակի մասին դեռևս տեղեկություններ չկան։
Clairton Coke Works գործարանը Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ կոքսաքիմիական ձեռնարկությունն է, որը զբաղվում է կոքսի՝ ածուխի այրումից ստացվող վառելիքի արտադրությամբ։ Այս գործընթացն ուղեկցվում է թունավոր գազերի արտանետումներով։ Այս գործարանում նախկինում տեղի ունեցած միջադեպերն արդեն հանգեցրել են բնապահպանական խնդիրների և բնապահպանական նորմերը խախտելու համար տուգանքների։
Չնայած օդի որակի մոնիտորները թույլատրելի նորմերի գերազանցում չեն արձանագրել, սակայն տեղական իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տվել մնալ տանը, փակել պատուհաններն ու դռները, ինչպես նաև խուսափել բացօթյա ֆիզիկական ակտիվությունից։
Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն ցավակցություն է հայտնել տուժածների ընտանիքներին և կոչ արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել պայթյունի պատճառները պարզելու համար։ Տեղական իշխանություններն ու U.S. Steel ընկերության ներկայացուցիչները խոստացել են տուժածներին և նրանց ընտանիքներին ցուցաբերել ողջ անհրաժեշտ օգնությունը։
Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) ստանձնել է միջադեպի հետաքննության վերահսկողությունը և գործարանում շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ հետաքննություն է ընթանում։





























