ԵԱՏՄ-ում էներգակիրների ընդհանուր շուկաների արագացված ձևավորումը տնտեսական գործունեության հավասար պայմանների հիմք կդառնա։ Այդ մասին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է Ղրղզստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
Նրա խոսքով, Միության ընդհանուր էներգետիկ շուկաների հետագա ձևավորումը և էներգետիկ անվտանգության ապահովումը առաջնահերթ են մնում Հայաստանի Հանրապետության համար։ Էներգակիրների ընդհանուր շուկաների արագացված ձևավորումը՝ ոչ խտրական գործունեության սկզբունքներով, պետք է դառնա բոլոր ԵԱՏՄ անդամ պետությունների համար տնտեսական գործունեության հավասար պայմանների ապահովման հիմքերից մեկը։
Նա նաև կարևորել է Միության անդամ պետությունների և հանձնաժողովների մաքսային ծառայությունների փոխգործակցությունը՝ հարկերով ծանրաբեռնված ապրանքների մաքսային հայտարարագրման մոնիթորինգի ոլորտում։ Նրա կարծիքով, նման համագործակցությունը դրանց արժեքի պատշաճ վերահսկողության կարևոր գործիք է, որն ուղղակիորեն ազդում է պետությունների բյուջեների եկամուտների վրա։
Նրա խոսքով, համատեղ ջանքերով զգալի աշխատանք է կատարվել ԵԱՏՄ-ում բժշկական միջոցների և արտադրանքի ընդհանուր շուկայի կայուն գործունեության ապահովման ուղղությամբ։ Դրա շնորհիվ արդեն հաջորդ տարվանից կսկսի գործել դեղամիջոցների շրջանառության ընդհանուր շուկա։
Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացումը դիտարկում է որպես կայուն տնտեսական աճի ևս մեկ ուղղություն։ Ժամանակակից մարտահրավերները, ըստ Գրիգորյանի, պահանջում են ոչ միայն ինստիտուցիոնալ լուծումներ, այլև օգնություն տեխնոլոգիական գործիքներից։ Արհեստական ինտելեկտը և թվային տեխնոլոգիաները դառնում են կարևորագույն ռեսուրս՝ ինչպես տնտեսության, այնպես էլ կորպորատիվ և պետական կառավարման ոլորտներում փոխգործակցության նոր, ավելի արդյունավետ մոդելներ ձևավորելու համար։
«ԵԱՏՄ շրջանակներում բիզնես գործընթացների օպտիմալացման և ինտեգրված թվային հարթակներ կառուցելու համար անհրաժեշտ է համակարգված աշխատանք տանել էլեկտրոնային կառավարման համակարգերի կատարելագործման և կիբերանվտանգության մեխանիզմների ներդրման ուղղությամբ», - ասել է Գրիգորյանը։











