Ռուսաստանը կողմ է, որ Ուկրաինայի անվտանգության եվրոպական երաշխիքներն իսկապես հուսալի լինեն։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը համաձայն է, որպեսզի Ուկրաինայի անվտանգության երաշխիքներն ապահովվեն հավասար հիմունքներով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ:

«Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից կոլեկտիվ անվտանգության երաշխիքներ մշակելու ցանկության մասին հաղորդագրություններին՝ մենք կողմ ենք, որ այդ երաշխիքները իսկապես հուսալի լինեն», - ասել է Լավրովը Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման ալ-Սաֆադիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ինչպես նշել է ռուս նախարարը՝ Մոսկվան կարծում է, որ Ուկրաինայի համար երաշխիքների հարցում անհրաժեշտ է կենտրոնանալ 2022 թվականին Ստամբուլի բանակցություններում ձեռք բերված զարգացումների վրա։

«Այստեղ մենք ունենք շատ լավ օրինակ, որը, ի դեպ, վերաբերում է հենց ուկրաինական կողմի նախաձեռնությանը, ինչպես դա եղել է 2022 թվականի ապրիլին Ստամբուլում, երբ ուկրաինական բանակցային թիմն առաջարկել է մարտական ​​գործողությունները դադարեցնելու և կայուն կարգավորում ապահովելու համաձայնագրի հիմնական սկզբունքները։ Այդ սկզբունքների թվում է եղել նաև Ուկրաինայի հրաժարումը ՆԱՏՕ-ին կամ ցանկացած այլ ռազմական դաշինքին անդամակցելուց, Ուկրաինայի չեզոք և ոչ միջուկային կարգավիճակի հաստատումը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։