Նիդեռլանդների 16-ամյա բնակչուհի Լորա Դեքերը (Laura Dekker) կդառնա ամենաերիտասարդ ծովագնացը, ում հաջողվել է միայնակ շուրջերկրյա ճանպարհորդություն իրականացնել, հենց որ նրա նավը խարիսխ գցի Կարիբյան ծովում գտնվող Սենտ Մարտեն կղզում: Այդ իրադարձությունը տեղի կունենա հունվարի 21-ին ցերեկվա ժամը երեքին, երբ Երեւանում գիշեր կլինի:
Կղզում նրան փոքրիկ նավատորմ կդիմավորի: Կղզու զբոսանավ-ակումբում ծովագնացուհու համար հանդիսավոր ընդունելություն է նախատեսվում, գրում է Telegraph-ը: Նախօրեին Դեքերի 11-մետրանոց Guppy զբոսանավը ընդամենը 160 մղոն հեռավորության վրա է գտնվել վերջնակետից:
Այսպիսով Դեքերը կգերազանցի ավստրալուհի Ջեսիկա Ուոթսոնի ռեկորդը, ով 17 տարեկանում էր առանց կանգառի շուրջերկրա ճանապարհորդություն կատարել 210 օրվա ընթացքում:
Ըստ պարբերականի` Դեքերի ռեկորդը պաշտոնապես չի գրանցվի`2009թ. խնամատար մարմինների հետ նրա սկանդալի պատճառով:
Խնդիրն այն է, որ Դեքերը ծրագրում էր շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացնել 13 տարեկանում: Երեխաների իրավունքների պաշտպանության հոլանդական խորհուրդը դեմ էր հանդես եկել նման ռիսկային նախագծին, եւ Լորան տեղափոխվել էր սոցիալական իշխանությունների ժամանակավոր խնամատարության ներքո: Սակայն 2009 թ-ին աղջիկն անհետացել էր. չորս օր անց ոստիկանությունը նրան գտել էր Սենտ Մարտենում, հենց նույն կղզում, որտեղից էլ աղջիկը 2011թ. հունվարի 20-ին սկսել էր այդքան ցանկալի ճանապարհորդությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:




























