Ամերիկյան  Abraham Lincoln  ավիակիրը հունվարի 22-ին Հորմուզի նեղուցով Պարսից ծոց է հասել:

Ավիակիրը Պարսից ծոց է մտել ռազմանավերի ուղեկցությամբ, որոնց շարքում ոչ միայն ամերիկյան, այլեւ բրիտանական եւ ֆրանսիական նավեր են եղել: ԱՄՆ-ի 5րդ նավատորմի ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ ավիակիրի մուտքը Պարսից ծոց վաղուց է նախատեսված է եւ անցել է առանց միջադեպերի: Ավիակիրն Արաբական ծով է մտել հունվարի 19-ին

Abraham Lincoln-ը 2011 թվականի դեկտեմբերից հետո Պարսից ծոց մուտք գործած առաջին ավիակիրն է, որը փոխարինել է  ավելի վաղ այնտեղ կայանած John C. Stennis ավիակրին:

John C. Stennis ավիակրի հեռանալուց հետո Թեհրանը Վաշինգտոնին սպառնացել էր պատասխան քայլերով, եթե մեկ այլ նավ մտնի Պարսից ծոց: Իրանը նաեւ խոստացել էր փակել Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթամատակարարման ծավալների  40 տոկոսը, եթե արեւմտյան երկրները էմբարգո կիրառեն իրանական նավթի նկատմամբ: ԱՄՆ-ը հայտարարել է, որ թույլ չի տա Հորմուզի նեղուցի շրջափակումը:

Հունվարի 21-ին Իրանը, սակայն, փոխեց իր ռազմավարությունը` կապված Արաբական ծովում եւ Պարսից ծոցում ամերիկյան ռազմանավերի տեղակայման հետ: Իսլամական հեղափոխության գվարդիայի կորպուսի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Պարսից ծոցում եւ Մերձավոր Արեւելքում այնքան էլ անսովոր չէ:

Հիշեցնենք, ինչպես նախապես հաղորդվել էր, իրանական նավթի նկատմամբ էմբարգոյի կիրառման հարցը կարող է լուծում ստանալ այսօր` հունվարի 23-ին` ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ: