Եթե 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկի շուրջ քննարկումները չավարտվեն հօգուտ այդ ընտրակարգի, ապա «Ժառանգություն» կուսակցությունը թեկնածուներ կառաջադրի մեծամասնական ընտրակարգով: Այդ մասին այսօր` հունվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը:
«Կուսակցությունը քննարկում է եւ դեռ կորոշի` քանի՞ հոգու եւ ո՞ր ընտրատարածքներում է մեծամասնական ընտրակարգով առաջադրելու: Համամասնական ընտրակարգը շատ ավելի մեծ հնարավորություն կստեղծի խորհրդարան տանել իրապես պատրաստված պատգամավորների: Համամասնական ընտրակարգով խորհրդարան գնացող ուժի ղեկավարը, ՀՀԿ–ի դեպքում ՀՀ նախագահը, անձնական պատասխանատվություն է կրելու այդ ցուցակի յուրաքանչյուր պատգամավորի վարքի, ասածի, կերպարի համար»,- նշեց Բախշյանը։
Պատգամավորը նաեւ նշեց, որ եթե որոշի որեւէ ընտրատարածքում մեծամասնականով առաջադրվել, եւ իր մրցակիցը լինի օլիգարխ, ապա ակնհայտ կերպով ցույց կտա իր ու նրա գործունեության տարբերությունները:
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն իր հերթին ասաց, որ Հայաստանի համար ընդունելի են եւ մեծամասնական, եւ համամասնական ընտրակարգերը: Նա նաեւ հավելեց, որ դեմ է քվեարկելու 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու մասին օրինագծին, քանի որ Հայաստանը պատրաստ չէ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով ձևավորված ԱԺ ունենալ:
Պատասխանելով հարցին` արդյոք պատրաստվո՞ւմ է առաջադրվել մեծամասնական ընտրակարգով, Ավետիսյանն ասաց. «Մեծամասնականով առաջադրվելու ցանկություն մինչ օրս չեմ հայտնել, բայց եթե կուսակցությունն այդպես որոշի` կառաջադրվեմ: Ես 3 անգամ ընտրվել եմ մեծամասնականով, 1 անգամ` համամասնականով, հիմա նման ցանկություն չունեմ»:



























