Պեկինում՝ ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի և «ՇՀԿ+» ձևաչափի նիստի շրջանակում, տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Անկախ պետությունների համագործակցության և Շանհայի համագործակցության կազմակերպության բարձրագույն վարչական պաշտոնյաների հանդիպում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությանը։

Միջոցառմանը մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը։

«Ստորագրվել է ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի միջև համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի գլխավոր քարտուղարների համատեղ հայտարարությունը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի և Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման 80-ամյակի կապակցությամբ», ասվում է հաղորդագրության մեջ։

Այնտեղ նշվում է, որ «մտքերի փոխանակում է տեղի ունեցել միջազգային իրավիճակի արդիական հարցերի, ինչպես նաև երեք կազմակերպությունների գործունեության առաջնահերթ ոլորտների վերաբերյալ»։

«Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ոլորտում և նոր մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում հետագա զարգացման և համագործակցության ամրապնդման վերաբերյալ առաջարկությունները»,- հավելել են մամուլի ծառայությունից։

Միաձայն կարծիք է հայտնվել, որ ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ը կոչված են ավելի ու ավելի մեծ դեր խաղալու գլոբալ խաղաղության և տարածաշրջանային անվտանգության պահպանման, անկայունության կանխման գործում։ Արձանագրվել է նոր եվրասիական անվտանգության ճարտարապետության ձևավորման, տնտեսական համագործակցության և մշակութային ոլորտում փոխգործակցության զարգացմանն ուղղվածությունը։ Հաստատվել է ինտեգրացիոն նախագծերի զուգորդումն ապահովելու և Եվրասիայում զարգացման կենտրոնների հարաբերությունները ներդաշնակեցնելու մտադրությունը»,- հավելել են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։