Եթե փրկարար ծառայության դեպքում գնահատենք մեր պատրաստվածությունը, նյութատեխնիկական հագեցվածությունը, ապա այն կգնահատեմ բավարար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4–ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ով այստեղ մասնակցում էր վարժանքի։

«Շատ են եղել իրավիճակներ, երբ օպերատիվ արձագանքի, պրոֆեսիոնալ արձագանքի կարիք կա, շատ իրավիճակներ կան, երբ որ ընդհանրապես չենք պատկերացրել դետալները, բայց փաստեմ, որ փրկարարները միշտ հավուր պատշաճի իրականացրել են իրենց աշխատանքը։ Սա է պատճառը, որ մենք ուզում ենք էլ ավելի բարձրացնել մեր կարողությունները, ըստ այդմ այս տարվա կտրվածքով արդեն իսկ ունենք բյուջետային հատկացում 26 հրշեջ–փրկարարական գույքի ձեռքբերման համար, որը կգա համալրելու մեր պարկը։

Մեքենաներ ենք ձեռ բերելու, որոնք որ կօգնեն ավելի օպերատիվ սպասարկել զանգերը, ահազանգերը։ Ունենք նաև այս տարվա կտրվածքով բազմաթիվ նոր ձեռքբերումներ, որոնք առաջին հայացքից կարող են կողքի աչքով թվալ փոքր դետալների ձեռքբերում, բայց եթե դիտարկում ենք դրանք իրենց ամբողջության մեջ, դրանք կենսական նշանակություն ունեցող գործիքներ են, որոնք համալրել ենք այս պահի դրությամբ։ Նաև Երևան քաղաքի դեպքում ձեռք ենք բերել մարտական հաշվարկի համար նախատեսված հատուկ համազգեստ, որը ստանդարտ համազգեստը չէ, և ավելի բարձրորակ և ավելի բարձրարժեք համազգեստի մասին ենք խոսում։ Սա ևս թարմացրել ենք և առաջիկայում էլ ավելի նոր ձեռքբերումներ կուենանք»,–ասաց նախարարը։

Դիտարկմանը, որ ՆԳՆ–ն սովորություն ունի գնումները կատարել մե անձից, նախարարը հավաստիացրեց, որ նվազեցվել են նման դեպքերը և Փրկարար ծառայության մեքենաները գնվելու են ստանդարտ ընթացակարգով։