Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները դիմել են Ռուսաստանին` երկու երկրների միջեւ հումանիտար կապերի հաստատման հարցում միջնորդ դառնալու համար: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է ՌԴ ԱԳ  նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Ռուսաստանին հասցեագրված է եղել Բաքվի եւ Երեւանի խնդրանքը, որպեսզի մենք հանդիսանանք նման հարաբերությունների նախաձեռնողը: Դմիտրի Մեդեվեդեւն, իհարկե, համաձայնել է», - ասել է Լավրովը, նշելով, որ Ռուսաստանը  «միշտ էլ  հանդես է եկել նմանատիպ հումանիտար կապերի օգտին եւ պատրաստ է միջնորդ լինել այդ նպատակի համար»:

Մեկնաբանելով Սոչիում Դմիտրի Մեդվեդեւի, Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի եռակողմ հանդիպումը ` Լավրովը նշել է, որ 3 նախագահներն էլ «համոզմունք  են հայտնել  հումանիտար, մշակութային, կրթական եւ այլ  հարաբերություններ ստեղծելու մասին»:

Ըստ Ռուսաստանի ԱԳ նախարարի` 3 երկրների նախագահներն էլ ընդունում են, որ  նման հարաբերությունները կարեւոր դեր են խաղում «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ  վստահությունը վերականգնելու գործում, ինչպես նաեւ նպաստավոր պայմաններ են ստեղծում քաղաքական որոշումների ընդունման համար»:

Բացի դրանից, Լավրովը նշել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները միջնորդից ակնկալում են հատուկ ընթացակարգերի առաջարկներ` շփման գծի միջադեպերն ուսումնասիրելու համար: Լավրովը հիշեցրել է, որ անցյալ տարի Սոչիում նմանատիպ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւը եւ Սերժ Սարգսյանը «հետաքրքրություն են հայտնել շփման  գծի միջադեպերն ուսումնասիրելու համար հատուկ համակարգ ստեղծելու մասին»:  «ԵԱՀԿ Մինսկի խումբը հաշվետվություն է պատրաստել, որն ուսումնասիրում է միջադեպերի հետաքննությունը: Այն այսօր ներկայացվել է նախագահներին», - ասել է Լավրովը: Ըստ նրա` «նախագահները հրահանգել են շարունակել այդ աշխատանքը, ելնելով նրանից, որ անհրաժեշտ է նշանակել հատուկ ընթացակարգեր նման միջադեպերի հետաքննության համար»: