ԵԽԽՎ-ն դեռ չի վերջնական որոշում չի ընդունել ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի հետագա գործունեության վերաբերյալ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ստրասբուրգից հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը պատմեց, որ ԵԽԽՎ-ի Բյուրոյի առավոտյան կայացած նիստից հետո, որի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ղեկավար, իսպանացի Հորդի Քսուքլա ի Կոստան ներկայացրել է փոքր, մեկ էջանոց նախագիծ, որով առաջարկում էր Բյուրոյին շարունակել ենթահանձնաժողովի աշխատանքը: Հայկական պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը դիմել է ԵԽԽՎ-ի նորընտիր նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին, հայտնելով, որ հայկական պատվիրակությունը դեմ է արտահայտվում այդ կառույցի գործունեությանը եւ կբոյկոտի այն: Ի պատասխան Հարությունյանի հայտարարության` Մինյոնը տեղեկացրել է, որ Բյուրոն դեռ չի ընդունել վերջնական որոշում այդ հարցով:
Զոհրաբյանը նշել է, որ րոպեներ առաջ իր ելույթն է ավարտել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յանգլանդը, ում նա հարց է ուղղել: «Ես հարցրեցի Յագլանդին, արդյոք նա չի՞ կարծում, որ ԵԽԽՎ-ում ներկայացված բոլոր երկրները պետք է դատապարտեն Հայոց ցեղասպանությունը, հատկապես, երբ իր ելույթին զուգահեռ Ֆրանսիայի Սենատում քննարկվում է ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի նախագիծը: Յագլանդը պատասխանեց, որ որպես ԵԽԽՎ գլխավոր քարտուղար չի կարող կոչ անել 47 երկրներին այդպես վարվել, սակայն յուրաքանչյուր երկրի խորհրդարան կարող է քննարկել այդ հարցը, ինչպես դա անում է Ֆրանսիայի Սենատը; Նա նշեց, որ ԵԽԽՎ անդամ երկրները ազատ են այդ հարցում»,-ասաց Զոհրաբյանը, հավելելով. «Յագլանդը նաեւ նշեց, որ եթե որեւէ մեկին հետաքրքիր է իր աձնական կարծիքը, ապա այն հետեւյալն է. քաղաքականությունը քաղաքականությամբ զբաղվողներին, պատմությունը` պատմաբաններին»:




























