Ժողովրդին ոչնչացնելու շատ միջոցներն կան, բնաջնջել նրան երկրի երեսից` ոչնչացնելով նրա լեզուն, մշակույթը, նրա մասին հիշողությունը: Այս մասին ասել է ֆրանսիացի սենատոր, կառավարող «Միություն հանուն ժողովրդական շարժման» ներկայացուցիչ Ժան Ֆրանսու Յումբերը` հունվարի 23-ին Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման ժամանակ: Ըստ նրա` նրանք, ովքեր մերժում են ցեղասպանությունը, օգտվում են հասարակության լռությունից: «Տվյալ դեպքում լռությունն աջակցության նշան է: Ցեղասպանության աջակցության նշան»,-եզրափակեց նա:

Կառավարող կուսակցությունից մեկ այլ սենատոր, Կովկասի հետ բարեկամության խմբի նախագահ Ամբրուազ Դյուպոնը հայտարարել է,  որ  Ֆրանսիայի խորհրդարանը չէ, որ պետք է գրի պատմությունը:

«Ո՞վ չի հասկանում հայերի ցավը, ովքեր հրեշային տառապանքների են ենթարկվել: Սակայն խորհրդարանը չէ, որ պետք է գրի պատմությունը: Ես ուրախ եմ, որ մենք Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունենք, սակայն ինչո՞ւ չպետք է  լավ հարաբերություններ ունենանք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ»,-հայտարարել է քաղաքական գործիչը` ավելացնելով, որ խաղաղություն է ցանկանում ողջ Հարավային Կովկասին:

Դյուպոնի կարծիքով` օրինագծի ընդունումը կթուլացնի Ֆրանսիայի` ղարաբաղյան հարցում որպես միջնորդի դիրքերը:

«Հայոց ցեղասկպանությունը հեշտ հարց չէ: Այդ օրինագծի ընդունման արդյունքներից մեկը կարող է լինել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու հետագա փորձերից հրաժարումը»,-եզրափակել է ֆրանսիացի գործիչը: