Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 12-ին Երևանում տեղի է ունեցել հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչներ՝ դեսպան Սերդար Քըլըչի և ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի մասնակցությամբ բանակցությունների վեցերորդ փուլը, հաղորդում է թուրքական լրատվամիջոցը։

Կողմերը հաստատել են նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները և քննարկել են 2022 թվականի հուլիսի 1-ին սահմանային անցակետերի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման քայլերը։ Որոշվել է արագացնել դրանց բացման գործընթացը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Կարս-Գյումրու երկաթուղային գծի և էլեկտրական միջկապակցման գծի վերականգնման և շահագործման հանձնման թեմային։ Երկու երկրների իրավասու մարմինները տեխնիկական աշխատանքներ կիրականացնեն։

Մարդասիրական ոլորտում համագործակցությունն ամրապնդելու համար կողմերը համաձայնել են մշակել ակադեմիական և մշակութային նախագծեր։ Մասնավորապես, դա վերաբերում է ուսանողներին կրթաթոշակների տրամադրմանը և Մետաքսի ճանապարհի կամրջի (Անի) համատեղ վերականգնմանը։

Բացի դրանից, Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները համաձայնության են եկել 2026 թվականի ամռանից նոր չվերթների բացման նախապատրաստական ​​աշխատանքների վերաբերյալ՝ օդային երթևեկությունն ընդլայնելու նպատակով։

Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են հարաբերությունների կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու իրենց հանձնառությունը։