Եթե նման բան են ասում, ասողներից ճշտեք։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25–ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե իր փոխարեն մարզպետ են նշանակելու Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանին։

«Դեռ պաշտոնական որոշումներ չկան, կլինեն՝ կտեղեկանանք»,–ասաց նա։

Հարցին՝ գոհ չե՞ն ձեր աշխատանքից, մարզպետը պատասխանեց. «Բայց ես ի՞նչ գիտեմ, դուք իրանցից հարցրեք, ովքեր գնահատում են։ Ես իմ ամենօրյա աշխատանքը կատարում եմ։ Գնացեք մարզում հարցրեք, տեսեք՝ ես ինչպես եմ կատարում իմ աշխատանքը»։

Նա նշեց, որ աշխատանքից հեռանալու վերաբերյալ SMS չի ստացել վարչապետից. «Չեմ ստացել, տեղեկություն էլ չունեմ։ Պաշտոնական որոշում կլինի, պատրաստ եմ։ Ես ամեն ինչի պատրաստ եմ, ես անցյալ ունեմ, տարբեր մարմիններում ծառայել եմ, ամեն ինչին էլ պատրաստ եմ և դրանից չեմ խուսափում»։

Կոլյա Միքայելյանն ընդգծեց, որ Վահագն Արսենյանի հետ նորմալ, գործնական հարաբերություններ ունի։

հարցին՝ նկատե՞լ եք, որ նա «աչք ունի» ձեր պաշտոնի վրա, մարզպետն արձագանքեց. «Ես ինչի՞ պետք է նկատեմ, ես պաշտոնից կախված չեմ, իմ աշխատանքներն ամենօրյա կատարում եմ ու  կատարելու եմ մինչև վերջ, ինչքան այդ ժամանակը կտրվի»։