Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) դառնում է երկակի չափանիշների կառույց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` պատմելով ԵԽԽՎ-ում հունվարի 25-ի իր ելույթի մասին:
Նա նշել է, որ այսօր ԵԽԽՎ-ում քննարկվել է նախագծի բանաձեւ, որը շատ բարձր էր հնչում: «Խոսում էին, որ յուրաքանչյուր պետություն պետք է հարգի յուրաքանչյուր քաղաքացու կրոնական, մշակութային եւ հասարակական կյանքին մասնակցելու իրավունքը: Դե, ադրբեջանական պատվիրակությունը յուրաքանչյուր առիթ օգտագործում է իր հակահայկական քարոզչության տարածման համար, եւ ԵԽԽՎ-ի այս նստաշրջանն էլ բացառություն չէր: Ադրբեջանական պատվիրակը նորից հին երգն է երգել գրավված 20 տոկոս տարածքների, փախստականների (որոնց թիվը չգիտես ինչու ամեն անգամ աճում է, ըստ նրա` նրանք միլիոնից ավելի են) վերաբերյալ: Դրանից հետո ես ելույթ ունեցա», - նշել է Զոհրաբյանը:
Իր խոսքում հայ պատգամավորը ներկա գտնվողների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ ԵԽԽՎ-ում արդեն ամեն տեսակի դեկլարատիվ հայտարարությունների տեղատարափ է: «Ամեն անգամ ինչ-որ մեկը խոսք է խնդրում եւ ամբիոնից սկսում է խոսել բարձր բաների մասին: Ես հարցրեցի, այդ դեպքում ինչո՞ւ են բոլորը լռում, երբ Ադրբեջանը բառացիորեն արգելում է ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների զեկուցողին քաղբանտարկյալների հարցով մուտք գործել երկիր: Ինչո՞ւ ենք մենք լռում այդ մասին, չնայած որ մեզ` ԵԽԽՎ-ի խորհրդարանականներիս, համառորեն թույլ չեն տալիս Ջուգա այցելել եւ տեսնել իրական վանդալի դեմքը: Եթե նրանք այդքան արդար են, ապա ինչո՞ւ Թուրքիան երկրի վաչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քմահաճույքի պատճառով պետք է թույլ տա, արգելի կամ սահմանի որոշակի օրեր, երբ հայերը կարող են խաչ տեղադրել իրենց պատմական եկեղեցիների վրա, այնտեղ ժամերգություն անցկացնել», - դիմել է Զոհրաբյանը ներկաներին:
Հայկական պատվիրակության անդամը նշել է, որ քանի դեռ այս եւ շատ այլ արատավոր երեւույթների պատասխանատուները արժանի պատիժ չեն կրում, ցանկացած հայտարարություն դեկլարատիվ է եւ լավագույն դեպքում բարի կամք է արտահայտում:
«Ես հարցրի` մի՞թե ԵԽԽՎ-ում ժողովրդավարությունը նավթով գնած երկրներ կան: Մի՞թե կան արտոնյալ երկրներ եւ ուղղակի երկրներ, որոնց կարելի է քննադատել», - պատմել է զրուցակիցը:
Զրույցի ավարտին Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ երկակի չափանիշների կիրառումը ԵԽԽՎ-ում լուրջ շրջադարձ է ապրում: «Այդ խնդիրն այնքան արդիական է, որ Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիբերալ-դեմոկրատական դաշինքում, որի կազմում ես ընդգրկված եմ, այսօր լրջորեն քննարկվել է այն հարցը, թե ում պետք է որպես դիտորդ ուղարկեն Ռուսաստանի նախագահական ընտրություններին, որպեսզի տեղի իշխանությունները նրանց վրա ճնշում չգործադրեն», - անկեղծացել է պատգամավորը`նշելով, որ առօրյա-խոսակցական լեզվով դա կարելի է ձեւակերպել այսպես. «Ում ուղարկենք, որ չկաշառեն»:




























