Թուրքիայի եւ Ֆրանսիայի հարաբերությունների կտրուկ սառեցումն ավելի մեծ խնդիր է Անկարայի, քան Փարիզի համար, քանի որ Թուրքիան դեռ չի հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու ցանկությունից, գրում է Süddeutsche Zeitung-ը:

Թուրքիայի վարչապետ Էրդողանը «իրավական ուժ չունեցող» է համարել Սենատի կողմից ընդունված` ցեղասպանությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Վերջին շրջանում Անկարայից լսվող  բոլոր հիմարություններից հետո Էրդողանի այս հայտարարությունը հնչում է գրեթե որպես լարվածության թուլացման վկայություն: Հնարավոր է, թուրք գործարարները հսկացնել են տվել կառավարության բորբոքված ղեկավարին, որ այն պատժամիջոցները, որոնցով նա սպառնում է, հակասում են Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրին եւ որ գործարարները մտադիր չեն կամավոր հրաժարվել Թուրքիայի համար հինգերորդ կարեւոր առեւտրային  գործընկերը համարվող Ֆրանսիայի հետ բարգավաճող բիզնեսից, գրում է պարբերականը:

«Անկարան ընդգծում է,  թե պատմական հարցերով պետք է զբաղվեն պատմաբանները, ոչ թե խորհրդարանականները: Եթե դա այդպես է,  ապա թուրք գործիչները եւս պետք է պատմությունը պատմաբաններին թողնեն եւ դրանից պետական սկանդալ չսարքեն: Անկարան խնամքով թաքցնում է իր զայրութի իրական շարժառիթները: Թուրքիան մտահոգվում է վնասի փոխհատուցման պահանջից, որը կարող է տեղի ունենալ, եթե նա ընդունի 1915-1916թթ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածի փաստը: Թուրքիայի համար դրանից խուսափելու լավագույն միջոցը հարեւան Հայաստանի հետ նոր հիմքի վրա հարաբերությունների հաստատումն է»,-նշում է Deutsche Welle-ն: