Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 25-ին աշխատանքային այց է կատարել Լատվիա, որտեղ նրան ընդունել է Լատվիայի նախագահ Անդրիս Բեզինշը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Անդրիս Բեզինշը նշել է, որ Լատվիան շահագրգռված է բարեկամական Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացման եւ ամրապնդման մեջ, եւ իր երկիրը պատրաստ է լրացուցիչ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Լատվիայի նախագահին:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել բարձրաստիճան այցերի շարունակականության ապահովմանը, տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին եւ տարածաշրջանային խնդիրներին:
Հայաստանի արտգործնախարարը Լատվիայի նախագահին ներկայացրել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացը, Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, այդ ձեւաչափում Հայաստան-Լատվիա համագործակցությունը:
Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումն իր լատվիացի գործընկեր Էդգարս Ռինկեւիչսի հետ էր:
Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռինկեւիչսը նշել են, որ Հայաստանի եւ Լատվիայի միջեւ հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են:
Բանակցությունների օրակարգում էին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության եւ միմյանց թեկնածությունների աջակցության հարցերը: Այս ենթատեքստում Լատվիայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնում Լատվիայի ներկայացուցիչ Նիլս Մույժնիեկսի թեկնածությանը սատարելու համար:
Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունների ենթատեքստում Նալբանդյանն ու Ռինկեւիչսը մտքեր են փոխանակել Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության վերաբերյալ:
Նախարարների միջեւ քննարկված հարցերի կարեւոր կետերից էր տնտեսական համագործակցության առավել ամրապնդումն ու ընդլայնումը:
Նախարարներ Նալբանդյանն ու Ռինկեւիչսը խոսել են նաեւ մշակութային փոխանակումների ակտիվացման շուրջ:
Էդգարս Ռինկեւիչսի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում երկուստեք շեշտվել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Այդ առումով նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը, որ խնդրի լուծումը պետք է գտնել երկխոսության, բանակցությունների եւ փոխհամաձայնության միջոցով:
Էդվարդ Նալբանդյանն իր լատվիացի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան: Ընդունելով հրավերը՝ Էդգարս Ռինկեւիչսը առաջարկել է այցելությունն իրականացնել ընթացիկ տարվա երկրորդ կեսին:
Նախարարների հանդիպումից հետո նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Ռիգայում Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվել է նաեւ Լատվիայի Սեյմում, ուր հանդիպում է ունեցել Սեյմի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ Լատվիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էրիկս Կալնինշը, հայ-լատվիական միջխորհրդարանական համագործակցության խմբի նախագահ Իվանս Կլեմենտյեւսը, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ:
Լատվիայի Սեյմի նախագահը կարեւորել է երկրի զարգացման գործում լատվիահայ համայնքի դրական ներգրավվածությունը եւ դերակատարումը:
Խորհրդարանում Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց է տվել լատվիական առաջատար «Լատվիաս Ավիզե» թերթին:
Նախարար Նալբանդյանի օրակարգում էր նաեւ հանդիպումը Սեյմի՝ Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի հետ, որը Սեյմի ամենաբազմանդամ խումբն է եւ ներառում է շուրջ 30 պատգամավոր:
Ավարտելով այցելությունը՝ Էդվարդ Նալբանդյանը Ռիգայից ուղեւորվեց Վիլնյուս:




























