Եռաբլուրում և պատերազմի հետ առնչվող այլ խորհրդանշական մեր սրբավայրերում մենք լինում ենք շատ հաճախ, նաև առանց կոնկրետ օրերի և ես չեմ ուզում որ սա մենք դարձնենք քաղաքական օրակարգ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ իշխանությունից որևէ մեկը սեպտեմբերի 27-ին Եռաբլուր չգնաց։
«Այցեր պարբերաբար լինում են Եռաբլուր նաև առանց տեսախցիկների։ Ընդհանրապես ես չեմ կարծում, որ սա այն հարցն է, որ պետք է քաղաքականացնել»,–ասաց նա։
Հարցին՝ ե՞րբ է վերջին անգամ վարչապետը կամ իր քաղաքական թիմը այցելել Եռաբլուր», ՔՊ–ական պատգամավորը պատասխանեց. «Վարչապետի այցերի մասին դուք կարող եք ստանալ պաշտոնական տեղեկատվություն իր մամուլի պատասխանատուներից, իր մամուլի հաղորդագրություններից, իսկ խմբակցության մասով մենք ևս ունենք մամուլի պատասխանատուներ, որոնք դրանով զբաղվում են։ Հիմա ես չեմ կարող այստեղ նշել, թե մենք ուր ենք գնում, որտեղ են բոլորը անցկացրել իրենց ամառային արձակուրդները կամ ձմեռային հանգիստը, ես չեմ կարող ձեզ տեղեկացնել, թե առաջիկա տոներին ով ուր է պատրաստվում գնալ։
Հավաստիացնում եմ ձեզ և դուք նաև առաջիկայում կտեսնեք, որ այդ օրակարգը ևս կեղծ է, որովհետև սեպտեմբերի 27-ի հետ կապված այժմ նաև գործընթացներ կան, ես նաև որոշ ընթացք հետո, երբ ինչ-որ մի բան շրջանառվի, դուք կգաք, կտեսնեք։
Ռուբեն Ռուբինյանը օրենք է նախապատրաստում, որը կդառնա խորհրդանշական օր, և եթե մենք խուսափեինք, որպես քաղաքական թիմ, այդ օրակարգից, մենք դա չէինք անի»։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք եղե՞լ է ներքին հրահանգ՝ սեպտեմբերի 27-ին Եռաբլուր չգնալու վերաբերյալ, պատգամավորը նշեց, որ նման բան երբեք չի քննարկվել։ «Մեր խմբակցությունում ամեն ինչ որոշվում է քննարկումների միջոցով, հրահանգներ կամ արգելքներ չեն լինում»,– ասաց նա։











