Եկեք նախ արձանագրենք, որ TRIPP ուղին քննարկվում է Հայաստանի Միացյալ Նահանգներ երկկողմ ձևաչափով, կարող է ներգրավվի ցանկացած երրորդ կողմ, որի շուրջ Հայաստանն ու Միացյալ Նահանգները ձեռք կբերեն համաձայնություն։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Ստրասբուրգում հայ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Իհարկե, Եվրամիությունը մեզ համար վստահելի գործընկեր է, և մենք շահագրգռված ենք, որ մեզ համար վստահելի ավելի ու ավելի շատ գործընկերներ ներգրավվեն, բայց էլի զուտ կոռեկտության առումով ֆիքսվել է, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգներն են թեման քննարկում, և երրորդ կողմերը կարող են ներգրավվել երկու կողմերի համաձայնության դեպքում»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ Մեղրիի տարածքում ջրատարներ կան և տեղի բնակիչները մտահոգություն ունեն, որ կարող է իրենցից օտարվեն այդ ենթակառուցվածքները, Փաշինյանն ասաց. «Մեր պայմանավորվածություններում չկա, որ մենք ջրերը կտրում ենք, հացը կտրում ենք, օդը կտրում ենք, լույսը անջատում ենք, և դրա փոխարեն ստեղծում ենք «Թրամփի ուղի»։
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էին հռչակագիր, որը վերաբերում է միջազգային բարեկեցության և խաղաղության Թրամփի ուղուն։ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։











