ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է խաղաղության ծրագիր և միջազգային հանրությունն արդեն ողջունել է այն: Մենք նույնպես ողջունում ենք այն և հույս ունենք, որ դրա իրականացումը, ի վերջո, խաղաղություն կբերի Գազային: Այս մասին սեպտեմբերի 30-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում՝ պատասխանելով իր ելույթից հետո հարցերին:

Նա հիշեցրել է, որ անցյալ տարի Հայաստանը ճանաչել է Պաղեստինի պետությունը։

«Մենք ուշադիր հետևում ենք այս զարգացումներին և հույս ունենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփի ջանքերի և միջազգային հանրության աջակցության շնորհիվ Գազայի հատվածում վերջնականապես խաղաղություն կհաստատվի», - նշել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ անցյալ տարի Հայաստանն ընդունել է օրենք՝ Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, որն արդեն ուժի մեջ է մտել։

«Անհնար է լինել Եվրոպական միության անդամ՝ առանց Եվրոպական միության չափանիշներին համապատասխանելու և ուստի բոլոր դեպքերում մեր առաջնահերթ խնդիրն է երկիրը համապատասխանեցնել Եվրոպական միության չափանիշներին։ Երբ մենք կհամապատասխանենք Եվրոպական միության չափանիշներին, երկու ճանապարհ կա՝ կա՛մ մեզ կընդունեն Եվրոպական միություն, կա՛մ՝ ոչ։ Եթե մեզ ընդունեն, շատ լավ, եթե ոչ, մենք կլուծենք ևս մեկ կարևոր խնդիր՝ կդառնանք Եվրոպական միության չափանիշներին լիովին համապատասխանող երկիր, ինչը զգալիորեն կամրապնդի մեր ժողովրդավարությունը, անկախությունը և բարեկեցությունը», - հավելել է Փաշինյանը։