«Փաշինյանը երկար ժամանակ մոլորեցնում էր հայ հասարակությանը, թե այս բոլոր հարցերը փակված են, այսօր ուշքի է եկե՞լ»։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ նա, կոչով դիմել էր Արդբեջանի նախագահին։
Փաշինյանը մասնավորապես ասել էր. «Ես ակնկալում եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերները քարտեզի վրա ցույց կտան, թե ինչ հատված են նկատի ունենում՝ այն անվանելով «Զանգեզուրի միջանցք» և եթե դա որևէ կերպ վերաբերում է Հայաստանի ինքնիշխան տարածքին, ապա դա նշանակում է Հայաստանի ինքնիշխանության խախտում, ինչի մասին բարձրագույն մակարդակով հրապարակայնորեն պայմանավորվածություն է ձեռք բերվել»։
Քաղաքագետ Արգիշտի Կիվիրյանը, խոսելով Փաշինյանի՝ Ալիևին ուղղված կոչի մասին, ասաց.
«Եթե կա իրական խաղաղություն, և այս կամ այն երկրի քաղաքացիները հարևան պետության տարածքով իրենց նախընտրած ճանապարհով տեղաշարժվում են, դա է ճանապարհը։ Իսկ եթե կա մի ուղի, որից միայն անխափան օգտվում է մի երկիրը, ուրեմն դա որպես այդպիսին ավելին է, քան ճանապարհը։ Հիմա հայը կարո՞ղ է Ադրբեջանի տարածքով ինչ–որ տեղ գնալ, նման բան այս պահին պատկերացնու՞մ եք։ Ուրեմն չկա խաղաղություն։ Այն ինչ Փաշինյանը փորձում է հրամցնել հայ հասարակությանը, ընդամենը հասարակությանը մոլորեցնելու փորձ է, որպեսզի 2026 թվականին կարողանան վերարտադրվել։ Այն, ինչ անցնելու է Մեղրիով, ավելին է քան ճանապարհը։ Ադրբեջանցիների դրա անունը դրել են «միջանցք»»։
Լրագրողի հարցին, եթե իշխանությունների համար խաղաղությունն ընդամենը խաղաթուղթ է առաջիկա ընտրություններում վերընտրվելու համար, և եթե Ադրբեջանին դա ձեռնտու է, ապա ինչու՞ է օգտագործում խոսույթ, որը կարող է կասկածներ առաջանցել հայ հասարակության շրջանում, քաղաքագետը պատասխանեց.
«Ադրբեջանն իրականում հենց այդպես էլ անում է, գլոբալ առումով կտրուկ քայլերի չի գնում, ուղղակի ժամանակ առ ժամանակ Նիկոլ Փաշինյանին հիշեցնում է, որ իր տերը Ադրբեջանն է։ Բաքվի իշխանություններից է կախված Նիկոլ Փաշինյանի քաղաքական ճակատագիրը։ Եթե հիմա Ադրբեջանի իշխանությւոնները շատ ավելի կտրուկ քայլեր անեն, հասարակության աչքերը կբացվեն, մարդիկ կհասկանան, որ Փաշինյանը ոչ թե խաղաղություն է բերում, այլ աղետ»։
Մանրամասները՝ տեսանյութում։











