Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը կոչ է արել միավորել Գազայի հատվածը Հորդանան գետի Արևմտյան ափի հետ՝ արաբական և միջազգային աջակցությամբ, ինչի արդյունքում կստեղծվի մեկ միասնական պետություն՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։

«Գազայի հատվածի նկատմամբ ինքնիշխանությունը պատկանում է պաղեստինյան պետությանը և նրա կապը Հորդանան գետի Արևմտյան ափի հետ պետք է վերականգնվի պաղեստինյան օրենքների և պետական ինստիտուտների միջոցով»,— նշել է քաղաքական գործիչը WAFA գործակալության տարածած հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Ռամալլահի կառավարության կողմից ստեղծված պաղեստինյան վարչական կոմիտեն «պատրաստ է ստանձնել Գազայի հատվածի կառավարումը՝ հենվելով միացյալ պաղեստինյան անվտանգության ուժերի վրա»։

Աբբասը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և բոլոր միջնորդների գործադրած ջանքերը՝ Գազայում պատերազմի դադարեցման, իսրայելական զորքերի դուրսբերման, բնակչությանը մարդասիրական օգնության մատակարարման ծավալների ընդլայնման և գերիների փոխանակման մասին համաձայնագրի հասնելու համար։ «Հուսով եմ, որ այս ջանքերը նախապատրաստական փուլ կդառնան քաղաքական կարգավորման հասնելու համար, որը վերջ կդնի իսրայելական օկուպացիային և կհանգեցնի անկախ Պաղեստինյան պետության ստեղծմանը՝ 1967 թվականի հունիսի 4-ի դրությամբ առկա սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով»,- հայտարարել է Աբբասը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները Եգիպտոսում կայացած բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել խաղաղության ծրագրի առաջին փուլի շուրջ։ Նրա խոսքով, այս փուլը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակումը «մոտ ապագայում» և իսրայելական զորքերի դուրսբերումը մինչև Գազայի հատվածի ներսում համաձայնեցված գիծը։ Թրամփի կարծիքով, արվել են առաջին քայլերը «ամուր, հուսալի և մշտական խաղաղության» ուղղությամբ։