Ռուսաստանը անթույլատրելի է համարում ՄԱԿ-ի ԱԽ` արեւմտյան եւ արաբական երկրների կողմից պատրաստված բանաձեւի նախագծի կոչը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի վերաբերյալ: Այդ մասին «Ինտերֆաքսին» հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը:

«Ցանկացած որոշում Սիրիայի քաղաքական կարգավորման ապագայի վերաբերյալ պետք է ընդունվի առանց նախապայմաններ առաջադրելու, իսկ Ասադի հրաժարականի պահանջը հենց նախապայման է»,- ասել է նա:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե հունվարի 28-ի գիշերը ՄԱԿ Անվտանգության Խորհուրդը Սիրիայի հարցով փակ նիստ է վարելու, որի ընթացքում քննարկվելու է Արաբական երկրների լիգայի ներկայացրած նախագիծը: Բանաձեւում չի քննարկվում ռազմական միջամտության հնարավորությունը, սակայն Ասադին կոչ են անում ինքնակամ լքել պաշտոնը: Վերլուծաբանները հերթական դիվանագիտական բախումն են ակնկալում ՄԱԿ-ի ԱԽ-ի եւ Մոսկվայի միջեւ: