Արդեն որոշ ընդդիմադիր ուժեր հայտարարել են, որ մասնակցելու են 2026–ի խորհրդարանական ընտրություններին, իսկ տիտղոսային ընդդիմությունից ՀՀԿ–ն դեռ որոշում չի կայացրել և իմպիչմենտի օրակարգով է շարժվում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Այն ուժերից, որոնք արդեն հայտ են ներկայացրել, ակնհայտ է, որ մեծ հավակնություններ ունեն «Հայաստան» դաշինքը, ընդ որում, որքանով ես հասկանում եմ, հենց Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, և Սամվել Կարապետյանի ապագա կուսակցությունը, որը հիմա դեռևս ավելի շատ շարժման ֆորմատով է հանդես գալիս։

Այս առումով, խոսվում է, որ այս երկու ուժերը կարող են որակյալ տոկոսներ ունենալ, որոնք կարող են ազդել հետընտրական կոալիցիաների ձևավորման գործընթացում։ Բնականաբար այդ երկու քաղաքական ուժերի հնարավոր արդյունքները դեռևս բավարար չեն, որպեսզի իրենք կարողանան իշխանազրկել ՔՊ–ին, բայց իրենք կարող են լավ բազային հիմք հանդիսանալ, որպեսզի նաև այլ ընդդիմադիր ուժերի հետ ձևավորեն նոր կոալիցիոն իշխանություն»,–ասաց նա։

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ իշխանությունը կարողանա 50%+1 ձայն ստանալ, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Սոցիոլոգիական հարցումներից և առկա միտումներից ելնելով, իշխանության համար պրոբլեմատիկ է միանձնյա 50+1 վերցնելը։ Իհարկե, փորձ է արվելու որևէ սատելիտ կուսակցությամբ, սպոյլեր կուսակցությամբ նման ինչ-որ արդյունքի մոտենալ։ Բայց այս պահի դրությամբ կարծում եմ, որ դա էլ առայժմ չի երևում։

Չեմ կարծում, որ էլեկտորալ առումով իշխանությունը լեգիտիմ եղանակով կարող է զգալիորեն բարձրացնել իր այսօրվա տոկոսը, դա հիմա մոտավորապես 15%-ի շրջանակում է։ Էլեկտորալ առումով կարող է լինել 20 տոկոս, բայց չեմ կարծում, որ դա լեգիտիմ եղանակով, գումարած նույնիսկ սփոյլեր կուսակցությունը, իրեն հնարավորություն կտա 50 պլյուս մեկ ձայն ստանալ»։

Անդրադառնալով նախընտրական քարոզչությանը, Վիգեն Հակոբյանը նկատեց, որ միայն ՔՊ–ն է, որ սկսել է նախընտրական քարոզչությունը. «Նիկոլ Փաշինյանը 2024–ից դեռեւս սկսեց այցելել մարզեր, խիստ հոր կերպարի մեջ էր հայտնվել, իր արտաքին տեսքը փոխում էր, հեծանիվ էր քշում, ձվածեղ էր պատրաստում։ Ես այն ժամանակ էլ ասում էի, որ նախընտրական կամպանիան իշխանության համար արդեն սկսվել է։ Այն ժամանակ ինքը չէր բացառում նույնիսկ արտահերթ ընտրությունների գաղափարը, որովհետև ամեն հաջորդ հարցումից հետո իշխանության ռեյտինգը լավագույն դեպքում պահպանվում էր, այսինքն ռեցեսիայի մեջ էր, կամ ընկնում էր։ Մի պահ նույնիսկ 8-9% -ի էր հասել։ Իրենց մոտ շատ տրամաբանական կասկածներ կարող էին լինել, որ գուցե հիմա է պահը, որ փորձել արտահերթ անել»։

Քաղտեխնոլոգը նկատեց, որ ՔՊ–ի վարկանիշը ավելի բարձր է, քան որեւէ ընդդիմադիր ուժինը առանձին վերցրած, սակայն ընդդիմադիր ուժերը կարող են կոալիցիա ձեւավորել. «Անգամ եթե տեսականորեն համարենք, որ այսօրվա իշխանությունը վերարտադրվելու է, այդ դեպքում ևս կառավարությունը կոալիցիոն է լինելու, որովհետև միայն ՔՊ-ն, Ինքնուրույն ընդհանրապես հնարավորություն չունի 50 տոկոս ստանալու։

Ըստ հարցումների, ընդդիմադիր ուժերը հավաքական առումով կոալիցիոն իշխանություն ձևավորելու եղանակով իրենք հաղթում են ՔՊ–ին, այդ իսկ պատճառով այդ հաշվարկները որևէ լավատեսություն Նիկոլ Փաշինյանի մոտ չէին առաջացնում։ Առավել ևս, որ անընդհատ կար այդ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի տեսլականը, իսկ դա իրենց պատկերացմամբ գլխավոր իրենց հաղթաթուղթը պետք է լինի թե արտահերթ, թե հերթական ընտրությունների ժամանակ։

Ես հիմա էլ չեմ բացառում, որ իշխանությունը կարող է արտահերթի գնալ, և օրինակ, դեկտեմբերին սյուրպրիզ անել, որովհետեւ դա իշխանությանը թույլ է տալիս տեմպի մեջ առավելություն ունենալ»,– ընդգծեց նա։