Իրավապահները եկեղեցու տարածք առավոտյան ժամը 7 են եկել, մենք հետո համացանցից ենք իմացել որ նման բան է տեղի ունեցել. այս պահին թեմի բոլոր հոգևորականներն անհասանելի են։ Այս մասին այսօր՝ հոկտմեբրեի 15–ին, NEWS.am–ի հետ զրույցում նշեց Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցու դպիր Շիրազը։

«Մինչև քահանաները դուրս չգան քննչական կոմիտեից, ոչ մի բան պարզ չի լինի։ Այս պահին եկեղեցին փակ է, ներսում, ինչքան գիտեմ, մարդ չկա»,–ասաց նա։

Անդրադառնալով տեղի ունեցողի պատճառների դպիրն ասաց. «Մեր բռնապետի բարեփոխման դրսևորումներն են սրանք։ Ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել. Ի՞նչ է նշանակում թեմի բոլոր հոգևորականներին մեկ օրում քննչական կոմիտե տանել։ Եթե մի քիչ երկար մտածեին, կարող է գոնե կես-կես տանեին թեմի քահանաներին։ Մեր եկեղեցու հետ նույնիսկ Սովետական Միությունը այսպես չի վարվել։ Այս եկեղեցու դռները երբեք փակ չեն եղել։ Այսօր հավատացյալները գալիս են, բայց չգիտեն, որ փակ է դուռը։ Եվ որևիցե պարզաբանում չկա սրան»։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս ամենում կապ ունի այն փաստը, որ Մկրտիչ Սրբազանը Վեհափառի քրոջ որդին է, դպիր Շիրազն ասաց. «Եվ նրա անձով և այն հանգամանքով, որ Մկրտիչ եպիսկոպոսը գործող անձ է թեմում ու ընդհանրապես առաքելական եկեղեցում։ Պասիվ եպիսկոպոս չի, գործունյա եպիսկոպոս է։ Չգիտեմ սրանով փորձում են վախ ներշնչել հոգևորականներին, քրիստոնյաներին, հավատացյալներին, ուրիշ գնահատական չեմ կարող տալ սրան։ Սովետական Միությունից վատ են վարվում այսօրվա իշխանությունները։

Բոլոր քրիստոնյաները, առավել ևս Աշտարակի պետք է այսօր այստեղ լինեին, ի աջակցություն հոգևորականների, իրենց հոտի առաջնորդների, բայց ոչ մեկ չկա այստեղ։ Առաջին հերթին դա պետք է դրսևորվեր այստեղ, նրանց այստեղ լինելով»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քննչական վարչություն են տարվել 5 հոգևորական՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք։

Իր հերթին Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Տեր Մկրտիչի գտնվելու վայրը հայտնի չէ, փորձում են պարզել, թե որտեղ է գտնվում նա։ Նաև հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են հոգեւորականները քննչական տարվել։

Հիշեցնենք, որ երեկ գիշեր խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը, ապա նրան տեղափոխել են ՔԿ։ Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը NEWS.am–ի հետ զրույցում նշել է, որ խուզարկության որոշումներից հասկանալի է դարձել, որ Տեր Արամի տված հարցազրույցի հիման վրա Դանիել Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել՝ ստուգելու, թե արդյոք հավաքներին մասնակցելու հարկադրանք եղել է, թե ոչ։ Ըստ Փաստաբանի՝ հոգևորականներին հենց այս գործի շրջանակներում են բերման ենթարկել։