Մեծ քանակությամբ սեւ թեյ օգտագործելը օգտակար է առողջությանը: Սեւ թեյը նպաստում է զարկերակային ճնշման իջեցմանը եւ 10%-ով նվազեցնում է սրտային հիվանդությունների վտանգը: Նման եզրահանգման են եկել Արեւմտյան Ավստրալիայի գիտնականները:

Նրանք հետազոտություններ են կատարել 35-75 տարեկան 95 տղամարդ եւ կին կամավորների շրջանում, որոնց մոտ ճնշումը տատանվում էր նորմալից դեպի բարձր:

Հետազոտվողներին առաջարկվել է ամեն օր երեք գավաթ հատուկ պատրաստված սեւ թեյ խմել` պոլիֆենոլների մեծ քանակությամբ, ինչը հավասարազոր էր ըմպելիքի սովորական  չափաբաժնի 8,5 գավաթին:

Վեց ամիս անց ուսումնասիրվող անձանց զարկերակային ճնշումը նվազել է 2-3 մմ սնդիկի սյունով:

«Մեր ուսումնասիրությունը առաջին անգամ պարզել է, որ սեւ թեյի տեւական գործածությունը կարող է զգալիորեն նվազեցնել նորմալ եւ նորմայից բարձր ցուցանիշ ունեցող անձանց զարկերակային ճնշումը», - նշել են հետազոտության հեղինակները Archives of Internal Medicine ամսագրում տպագրված հոդվածում: Գիտնականներն արձանագրել են հիպերտոնիայի դեպքերի հաճախականության 10% նվազում, ինչպես նաեւ սիրտ-անոթային հիվանդությունների 7-10%-ի նվազում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: