Բեռնատարների վարորդները ՌԴ դեսպանատան մոտից գնացել են ԱԳ նախարարություն բանակցությունների համար, սակայն 2 կառույցներից էլ սպառիչ պատասխան չեն ստացել։
Այս պահին նրանք բեռնատար մեքենաներով շտապում են փակել Բագրատաշենի մաքսային անցակետը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց վարորդներից Գևորգ Սարգսյանը։
Նշենք, որ նրանք պահանջում են ՌԴ-ի հետ բանակցել և փոխել օրենսդրության պայմանները, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում Ռուսաստանում կարող են գտնվել մինչև 90 օր, նախկին 180 օրվա փոխարեն։
Բեռնատարների վարորդները հայտարարել են, որ եթե իրենց խնդիրը չլուծվի, վաղը առավոտյան բեռնատար մեքենաներով կոլապսի կենթարկեն Հայաստանի ճանապարհները։
Հիշեցնենք, որ ՌԴ Ֆեդերալ օրենքի 115-րդ հոդվածի կարգավորումով սեպտեմբերի 10–ին ՌԴ-ում խստացվել է կանոնակարգը, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են ՌԴ-ում գտնվել մինչև 90 օր, ոչ թե 180 օր։ Այդ կետը, ըստ բեռնափոխադրման վարորդների, չպետք է վերաբերվի նրանց և ուղևորներ փոխաադրող վարորդներին, քանի որ միայն 90 օր և ավելի վարորդները կարող են կանգնած մնալ «Վերին Լարս» անցակետի մոտ։




























