Ուժայինները Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու համար կոտրեցին քաղաքապետարանի հետնամուտքի դռան ապակիները, քանի որ չէին կարողանում բացել փակ դուռը։ Այդ դրվագը ֆիքսել են տեսացիկները։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես են ուժայինները ոտքով հյարվածեով փորձում բացել հետնամուտքի դուռը։ Քաղաքապետարանի աշխատակիցները հորդորում էին չփչացնել հանրային գույքը, բայց ապարդյուն։

Նշենք, որ քիչ առաջ դիմակավորված ուժայինները հատուկ գործողություն իրականացնելով, Գյումրիի քաղաքապետարանի հետնամուտքից  ավտոմեքենայով շատ արագ տարան քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Ուժայինները նաև կոտրեցին ապակիները։ Երբ Վարդան Ղուկասյանին վազելով տանում էին դեպի ավտոմեքենան, նա ժպտում էր։։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։

Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել էին աշխատակիցների ելքն ու մուտքը։ Քաղաքացիներ են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել, որոնց թիվը գնալով շատանում էր։

Լարված է նաև քաղաքապետարանի ներսում։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեկուսացրել էին և դռան մոտ զինված ոստիկաններ էին կանգնած։

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։

Ձերբակալվածների թվում է նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ կար գաղտնալսված մի ձայնագրություն, որտեղ խոսակցություն էր քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի միջեւ։