«Շիրակ Կենտրոնը» անօթեւան եւս երկու ընտանիքի պատմություն է ներկայացնում, ակնկալելով պատկան մարմինների ուշադրությունը:

«Գյումրիից 5-7 կմ հեռավորության վրա, դեպի Ախուրյան գետն ընկած Վարդ-Բաղ կոչվող երբեմնի, գեղատեսիլ եւ ծառապատ տարածքը, որը նախկինում հայտնի հանգստյան գոտի էր, երկրաշարժից հետո վերածվել է տնակային ավանի: Ներկայումս քաղաքից կտրված այդ տարածքում, ուր ձմռան ամիսներին նույնիսկ մեքենաներ չեն երթեւեկում, բնակվում են սոցիալական ծայրահեղ պայմաններում եւ հիմնականում պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա անօթեւան ընտանիքներ: Վարդ-Բաղ կոչվող տարածքի մեծ մասը ներկայումս բաժանված է գյումրեցի մի քանի մեծահարուստների միջեւ:

Այսօր «Շիրակ կենտրոնն» այցելեց այդ տարածքում ապրող ծնողազուրկ երեխաներ խնամող երկու ընտանիքների:

25-ամյա Աննա Սիմոնյանն իր 7 եւ 3 տարեկան մանկահասակ երեխաների հետ երկու տարի առաջ վերադարձել է ՌԴ-ից: Աննայի նախկին ամուսինը ներկայումս գտնվում է ՌԴ կալանավայրում: Նրա պատմելով իր ազգականները մի քանի ամիս առաջ, կեղծ գործարք կատարելով, տիրացել են հայրական տանը եւ իրենց ստիպողաբար դուրս են արել տանից: Այս ընտանիքը որեւէ տեղ փաստացի հաշվառում չունենալու պատճառով զրկված է սոցիալական նպաստից եւ եկամտի այլ աղբյուր չունենալով մատնված է սովի եւ աղքատության:

Աննայի 7-ամյա դուստրը` Լաուրան թեեւ բավականին կենսուրախ եւ խելացի երեխա է, սակայն անհասկանալի պատճառներով հաճախում է Գյումրիի մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված օժանդակ գիշերօթիկ դպրոց:

33-ամյա միայնակ մայր Լիաննա Մելիքյանն ունի երեք մանկահասակ երեխաներ, որոնցից մեծը` 12-ամյա Նաիրան, ով փոքր հասակում սրտի վիրահատություն է տարել, սովորում է Գյումրիի օժանդակ գիշերօթիկ դպրոցի 4-րդ դասարանում, սակայն մեր այցելության ժամանակ տանն էր, մի շաբաթ է, ինչ դպրոց չէր հաճախում: 9-ամյա Տիգրանը անկողնուն գամված մանկուց հաշմանդամ է, իսկ փոքրը` Լուսինեն 2 տարեկան է:

Այս ընտանիքը կրկին որեւէ հասցեում գրանցում չունենալու պատճառով երկար ժամանակ է զրկված է սոցիալական նպաստից:

Այս սոցիալապես ծանր պայմաններում գտնվող եւ ծնողազուրկ երեխաներ խնամող մայրերին այսօր փոխանցեցինք Մոսկվայում բնակվող մեր հայրենակցի կողմից վառելափայտի եւ սնունդի համար ուղարկված գումարը, ինչպես նաեւ մանկական հագուստ եւ գրենական պիտույքներ»,-ասված է «Շիրակ Կենտրոնի» հաղորդագրությունում: