Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված ևս երկու անձանց`այդ թվում՝ գլխավոր ճարտարապետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։ Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել էին աշխատակիցների ելքն ու մուտքը։ Քաղաքացիներ են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիների։
Դիմակավորված ուժայինները հատուկ գործողություն իրականացնելով, Գյումրիի քաղաքապետարանի հետնամուտքից ավտոմեքենայով շատ արագ ձերբակալել ու տարել են քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Նրան տեղափոխել են Երեևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։
Ձերբակալվածների թվում է նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ կար գաղտնալսված մի ձայնագրություն, որտեղ խոսակցություն էր քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի միջեւ։
Այս գործով Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվել է։ Բոլոր պաշտոնյաները զրկվել են իրենց պաշտոններից։





























