Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն X սոցիալական մեդիա հարթակում մի շարք թվիթերյան գրառումներում աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին։

Նախևառաջ, ինչպես նշել է Գրոնոն, ԵՄ-ն «շատ ոգևորված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում վերջերս ձեռնարկված մի շարք դրական քայլերով, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման մասին հայտարարությամբ»։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաև ողջունել է երեկ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակների միջև Ժնևում կայացած հանդիպումը, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև Երևանում նախատեսված քննարկումները։

«Եվրամիությունը ջերմորեն ողջունում է այս գործնական ձեռքբերումները և պատրաստ է աջակցել բոլոր նման նախաձեռնություններին և վստահության ամրապնդմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներին։ Մենք ողջունում ենք նաև Հայաստանի և Թուրքիայի միջև Գյումրի-Կարս երկաթուղին վերականգնելու և վերագործարկելուն նվիրված հերթական հանդիպման հայտարարված նախապատրաստական աշխատանքները»,- հավելել է Մագդալենա Գրոնոն։