Հոկտեմբերի 22-ին` ժամը 19։10-ի սահմաններում, հետազոտման նպատակով քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված «Արմավիր» ՔԿՀ–ի կալանավորված անձը, ցած թռչելով հիվանդանոցի պատուհանից, դիմել է փախուստի։ Քրեակատարողական ծառայողը կրակել է կալանավորված անձի ոտքի շրջանում և այդպիսով կանխել վերջինիս փախուստը։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

Կալանավորված անձին ցուցաբերվել է բուժօգնություն, ըստ բժշկական գնահատման` նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Shamshyan.com–ի փոխանցմամբ, կալանավորի փախուստը կասեցվել էՔԿՀ–ի ծառայողի կողմից՝ վնասազերծելու ժամանակ նրա ուղղությամբ կրակոցներ արձակելու արդյունքում, ինչի հետևանքով նա հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում, իսկ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի որոշմամբ սկսվել է ծառայողական քննություն։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը՝ փախուստի դիմած և ապա հրազենային վնասվածք ստացած անձը, օտարերկրացի է։