Հայաստանի կառավարությունը 2026 թվականին նախատեսում է պետական աջակցություն ցուցաբերել այն ավիաընկերություններին, որոնք նոր ուղղություններով թռիչքներ կիրականացնեն դեպի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ։ Այս մասին հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նրա խոսքով, հաջորդ տարի պետական բյուջեից ավիացիայի ոլորտին կհատկացվի 3,6 միլիարդ դրամ։

«Խոսքը վերաբերում է այն ավիաընկերություններին, որոնք այդ ընթացքում հիմնվելու են «Զվարթնոց» կամ «Շիրակ» օդանավակայաններում։ Սուբսիդիաների համար նախատեսվում է շուրջ 3 մլրդ դրամ հատկացնել», - պարզաբանել է Խուդաթյանը։