Հայաստանի օդային տարածքով դեպի այլ երկրներ տարանցիկ չվերթների քանակն ավելացել է։ Այս մասին հոկտեմբերի 28-ին՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նրա խոսքով, Հայաստանի Կառավարության քաղաքականությունը հետևյալն է՝ զարգացնել ինչպես տեղական, այնպես էլ ընդհանուր ավիացիան։

«Ավելացել է Հայաստանով դեպի այլ երկրներ տարանցիկ չվերթների թիվը։ Ավելացել են նաև «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող չվերթները։ Գերակշռող մեծամասնությամբ այս օդանավերը հատում են Հայաստանի Հանրապետության օդային տարածքը՝ առանց նրա տարածքում վայրէջք կատարելու։ Մեր գործառույթն է ապահովել դրանց անխափան փոխադրումը Հայաստանի տարածքով։ Սա լրացուցիչ եկամուտներ է ապահովում ինչպես ՓԲԸ-ի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար», - պարզաբանել է Խուդաթյանը։