Հռչակագրի ընդունումն ու Խաղաղության պայմանագրի նախաստորագրումն ազդարարում են, որ խաղաղություն արդեն հաստատված է, չնայած դրան՝ շարունակում են չլուծված մնալ մարդասիրական մի շարք խնդիրներ։ Այս մասին ԱԺ–ում Եվրանեսթ ԽՎ 12-րդ լիագումար նստաշրջանի մեկնարկին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ադրբեջանում պահվող անձանց, ռազմագերիների հարցը դեռևս լուրջ խնդիր է, որը պետք է լուծում գտնի։ Մեկ այլ կարևոր հումանիտար հարց. առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձանց ճակատագրերի բացահայտումը»,– ասել է Ալեն Սիմոնյանը։
Նա նաև անդրադարձավ Արևելյան գործընկերությանը՝ ընդգծելով Եվրանեսթը կարևոր հարթակ է Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության երկրների միջև առավել սերտ կապերի ամրապնդման համար։
«Արագ տեմպերով ընթանում է նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը։ Հայաստանը հանձնառու է համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրագործմանը։ Վստահ եմ, որ վերջերս համաձայնեցված գործընկերության նոր օրակարգը կնպաստի համագործակցության նոր առաջնահերթությունների ամրապնդմանը»,- ընդգծեց Սիմոնյանը։





























