Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 30–ի նիստում հավանություն տվեց զինծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, ըստ որի, 2025թ. ձմեռային զորակոչից սկսած, 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայությունը կդառնա 18-ամսյա:
Ներկայացնելով նախագիծը, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ասաց. «Այս օրենքի գործողությունը կտարածվի 2026 թվականի հունվարի 1–ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։
«Ներկայումս շրջանառության մեջ գտնվող 25 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու մասին կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրման բուն գործընթացն սկսել 26 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։
Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026–ի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա։
Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման և ընդլայնման ուղղությամբ կատարված և շարունակական աշխատանքների շնորհիվ։ Ինչպես գիտենք մի շարք օրենսդրական նախաձեռնություններ են տեղի ունեցել, ունենք «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, ատեստավորման համակարգն է ներդրվել և այլն։ Այս պահի դրությամբ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը կազմում է 4220 և այն աճի միտում ունի»։
Իր հերթին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց. «Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել այս նախագծի կարևորությունը և թե ինչքան սպասված էր մեր հասարակության կողմից։ Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ թե առողջապահական տեսանկյունից, թե մեր տղաների կրթական ծրագրերում հետագայում ներգրավելու առումով այս կես տարվա փոփոխությունը ահռելի նշանակություն է ունենալու։ Իհարկե ուզում եմ շնորհակալությունս հայտնել կառավարությանը և պաշտպանության նախարարությանը և որպես նաև ծնող, շնորհակալ եմ»։
Այդ պատճառով կառավարությունը նպատակահարմար է գտել շարքային կազմի 24–ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18–ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն:
Օրենքի նախագծի ընդունմամբ կանխատեսվում է նաև, որ պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի կնվազեն` սկսած 2027 թվականի 2-րդ կիսամյակից, քանի որ 2025թ. ձմեռային զորակոչի շրջանակում 2026 թ. հունվարից սկսած 18 ամիս ծառայության ժամկետն ավարտվում է 2027 թ. հուլիսին:
Կառավարության կողմից հավանության արժանացած օրենսդրական փոփոխությունները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողովի քննարկմանը։
Հիշեցնենք` ի սկզբանե նախատեսված էր 2021թ–ից քննարկվող այս փոփոխությունը կյանքի կոչել 2026–ի ամառային զորակոչից, բայց հոկտեմբերի 21–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե փոփոխությունն ուժի մեջ կմտնի արդեն հունվարի 1–ից։
Որոշ փորձագետներ կարծում են, որ սա ՔՊ–ի կողմից արված նախընտրական քայլ է։











