Հայաստանի կառավարությունը 2026 թվականին 20 միլիարդ դրամով ավել գումար կհատկացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության համար, քան հատկացվել էր 2025 թվականին։ Այս մասին հոկտեմբերի 30-ին, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
«55 միլիարդ դրամ կհատկացվի առանձին սոցիալական խմբերի սոցիալական աջակցության համար՝ ճգնաժամերին հակազդելու, արտակարգ իրավիճակների հետևանքները կրճատելու և վերացնելու նպատակով։ Սա 20 միլիարդ դրամով, կամ 57,1%-ով ավելի է, քան նախորդ տարի», – ասել է Թորոսյանը։
Նրա խոսքով՝ այս բյուջեն իր մեջ ներառում է ինչպես բնակապահովման ծրագիր, այնպես էլ ընթացիկ աջակցություն:





























