Հայաստանի եւ ԵՄ միջեւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի (DCFTA) բանակցությունների մեկնարկի հետ կապված վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ, այսօր` հունվարի 30-ին, կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն:
«Այս խորհրդակցության նպատակն է քննարկել Եվրամիության նկատմամբ մեր ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Մենք նաեւ նախապատրաստում ենք ՀՀ նախագահի այցելությունը Բրյուսել, որի ժամանակ պետք է հայտարարվի խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցություններն սկսելու մասին, իսկ դրա նախապայմանն այն է, որ պետք է կատարենք ստանձնած բոլոր պարտավորությունները: Ամենահրատապ խնդիրը, որը զեկուցել է պարոն Դավթյանը, այն է, որ առաջին հերթին պետք է Ազգային ժողովում քննարկման առարկա դարձնենք այն փաթեթը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է եւ վերաբերում է ստանդարտներին, չափագիտությանը: Չորս օրենքի նախագիծ է, պետք է երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ այդ օրենքներն ընդունենք»,- նշել է վարչապետ Սարգսյանը քննարկման մեկնարկին:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադառնալով համաձայնագրի նախապատրաստման աշխատանքների կատարողականին` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշել է, որ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների կողմից բավական ինտենսիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվել, ինչի արդյունքում ՀՀ վարչապետի` 2011 թ. օգոստոսի 10-ի 763-Ա որոշմամբ հաստատված միջոցառումները մեծամասամբ իրականացվել են: Մասնավորապես, նա զեկուցել է չորս հիմնական ուղղություններով` առեւտրի տեխնիկական խոչընդոտների, սանիտարիային եւ բուսասանիտարիայի, մտավոր սեփականության իրավունքների եւ ընդհանուր համակարգման ոլորտներում ձեռնարկված բարեփոխումների վերաբերյալ: Տիգրան Դավթյանը տեղեկացրել է, որ փետրվարի 5-ին ավարտվում է Հայաստանի կողմից կատարված աշխատանքների վերջնական գնահատականը: Այնուհետեւ փետրվարի վերջին Բրյուսելում կայանալու է համապատասխան բարձրաստիճան կոմիտեի նիստը, որտեղ քննարկվելու է մեր երկրի` բանակցությունների մեկնարկին պատրաստ լինելու հարցը:
Հաջորդիվ քննարկման մասնակից պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները զեկուցել են իրենց ոլորտում իրականացված աշխատանքների մասին, մանրամասներ ներկայացրել ձեռնարկված քայլերի առնչությամբ:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` կառավարության ղեկավարը հանձնարարել է առաջիկա օրերին ներկայացնել վերջնական տեղեկանքները` հաշվետվողականությունը համալրելու նպատակով:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ՀՀ-ԵՄ հարաբերություններին, մասնավորապես, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկին առնչվող հարցեր:
































