Մյունխենի դատարանը հինգշաբթի Գերմանիայի և Ռուսաստանի քաղաքացուն դատապարտեց վեց տարվա ազատազրկման՝ Մոսկվայի օգտին լրտեսելու և Ուկրաինային Գերմանիայի աջակցությունը խաթարելու նպատակով դիվերսիաների ծրագրման համար, հաղորդում է Ֆրանսպրեսը։

Դիտեր Շմիդտ անունով կասկածյալը մեղավոր ճանաչվեց Գերմանիայում երկաթուղային գծերի և ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակումների ծրագրմանը նպաստելու համար, ենթադրաբար՝ ռուսական հետախուզության անունից։

2022 թվականին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր Գերմանիայի իշխանությունները բազմիցս տագնապ են բարձրացրել նման գործակալների մասին, որոնք ենթադրաբար հավաքագրվել են սոցիալական ցանցերի միջոցով՝ գաղտնի վայրերի լուսանկարման պես առաջադրանքների համար։

Դատախազությունը Շմիդտին մեղադրել է հարձակումների հավանական թիրախներ, մասնավորապես՝ ԱՄՆ ռազմական բազաներ, բեռնման հարթակ և գործիքներ արտադրող ընկերություն հետախուզելու համար։ Նա ենթադրաբար լուսանկարել և տեսանկարել է առարկաները, որոնք փոխանցել է ռուսական հետախուզության կոնտակտային անձին։

 «Մենք եզրակացրինք, որ մեղադրանքները հիմնականում ճշգրիտ են»,- նշել է նախագահող դատավոր Յոխեն Բեսլը՝ հայտարարելով դատավճիռը։

 «Շմիդտը հերքել է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները։ Սակայն նա նաև մեղավոր է ճանաչվել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը՝ ինքնահռչակ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությանը»՝ Ուկրաինայի արևելքում գործող ռուսամետ աշխարհազորին անդամակցելու համար»,- հաղորդել են լրատվամիջոցները։

Մեղադրյալը, ենթադրաբար, ակտիվորեն մասնակցել է կազմակերպության գործունեությանը 2014-2016 թվականներին, երբ նա կապ է հաստատել ռուսական հետախուզության հանցակցի հետ։ Գերմանիայի և Ռուսաստանի երկու այլ կրկնակի քաղաքացիներ՝ Ալեքսանդր Ջ.-ն և Ալեքս Դ.-ն, դատապարտվել են համապատասխանաբար 12 և 6 ամիս ազատազրկման՝ Շմիդտի գործունեությանն աջակցելու համար։ Ըստ Sueddeutsche Zeitung թերթի՝ Շմիդտը ծնվել է Սիբիրում 1984 թվականին և ընտանիքի հետ Գերմանիա է տեղափոխվել 1998 թվականին։ Ձերբակալությունից հետո նրա առաջին խոսքերն էին՝ թե ցանկանում է հանդիպել Ռուսաստանի հյուպատոսության ներկայացուցիչների հետ, գրում է թերթը։