Հոկտեմբերի 26-27-ին Սուդանի Էլ-Ֆաշեր քաղաքում Արագ արձագանքման ուժերի (RRF) գրոհի ժամանակ զոհված խաղաղ անձանց թիվը կարող է ավելին լինել, քան Դարֆուրի պաշտպանության համատեղ ուժերի կողմից գնահատված երկու հազարը: Այս մասին հայտնել է Akhbar al-Asr պարբերականը՝ հղում կատարելով Սուդանի բժիշկների միությանը:

Բժշկական փորձագետների կարծիքով՝ նախկինում հրապարակված գնահատականների անճշտությունները կարող են պայմանավորված լինել քաոսով եւ RRF գործողություններով, որը քաղաքացիներից բռնագրավել է հեռախոսները եւ խոչընդոտել լրատվամիջոցներին տարածել տեղեկատվություն Էլ-Ֆաշերում տիրող իրավիճակի մասին: Յելի համալսարանի հումանիտար հետազոտությունների լաբորատորիան խոստացել է տրամադրել քաղաքում զանգվածային սպանությունների «համոզիչ ապացույցներ», այդ թվում՝ արբանյակային լուսանկարներ եւ տեսանյութեր:

Էլ-Ֆաշերը RRF-ի կողմից պաշարման մեջ է ավելի քան մեկ տարի: ՄԱԿ տվյալներով՝ առնվազն 260 հազար մարդ, որոնց կեսը երեխաներ են, գտնվում են այնտեղ եւ մահվան վտանգի տակ են սովից, հիվանդություններից, գրեթե ամենօրյա ռմբակոծություններից եւ հարձակումներից: Մարդու իրավունքների եւ մարդասիրական կազմակերպությունները պարբերաբար մեղադրում են RSF-ին ցեղասպանություն, պատերազմական հանցագործություններ եւ մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ: Սուդանում իրավիճակը սրվել է 2023թ․ ապրիլին՝ Իննքիշխան խորհրդի (ժամանակավոր կառավարող մարմին) նախագահ, բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի եւ RSF-ի ղեկավար Մոհամեդ Համդան Դագալոյի տարաձայնությունների պատճառով: Խարթումում սկսված բախումներն արագ տարածվել են երկրի այլ մասերում: Մասնագետների գնահատմամբ՝ հակամարտության հետեւանքով զոհվել է առնվազն 40 հազար մարդ, մոտ 12 միլիոնը տեղահանվել է իրենց տներից, որոնցից շատերը գտնվում են սովի եզրին: