Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ուղերձ ազգին» հաղորդման ժամանակ կրկին քննադատել է Ֆրանսիային՝  Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար։

Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը նշել է, թե պատմության մեջ միշտ լուսավորչության առաջատար համարվող Ֆրանսիան այսօր մութ միջնադարի գիտակցության մեջ է խորասուզվում։ «Ֆրանսիան այսօր խոսում է ռասիզմի, խտրականության եւ հակամարտության լեզվով։ Մենք սպասում ենք, որ ֆրանսիացի ժողովուրդն իր ձայնը կբարձրացնի այս իրավիճակի դեմ։ Մենք շարունակում ենք աշխատանքներ օրինագծին դեմ քվեարկած սենատորների հետ, որպեսզի օրինագիծը տարվի Սահմանադրական դատարան։ Հավատում եմ, որ Ֆրանսիան «ոչ» կասի Սարկոզիի ռասիստական եւ խտրականության քաղաքականությանն ու Թուրքիայի դեմ թշնամությանը։ Թուրքիան մեծ երկիր է եւ մեծ երկրին վայել է իրեն պահելու։ Մենք մեր քայլերը կանենք՝ ելնելով զարգացումներից։ Պատժամիջոցները կիրականացնենք փուլ առ փուլ»,-ասել է Էրդողանը։