Ցավոք, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կախված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից։ Ալիևը տվյալ առումով ազդեցություն ունի Անկարայի վրա, և Էրդողանը դա հաշվի է առնում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի ծագումով հայ նախկին անդամ Կարո Փայլանը։
«Պուտինն այժմ զբաղված է Ուկրաինայի հետ պատերազմով, բայց իրավիճակը կարող է փոխվել։ Թրամփն այժմ հետաքրքրված է խնդիրներ լուծելով և ներդրումներ կատարելով, բայց եթե առաջընթաց չլինի, նա կարող է հրաժարվել դրանից։ Հետևաբար, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի համար հնարավորությունների մեծ պատուհան է բացվել»։
Էրդողանը տեսավ այս հնարավորությունը՝ ցանկություն հայտնելով Կովկասի հարցերում համագործակցել Միացյալ Նահանգների հետ։ Թուրքիան լավ գիտակցում է, որ Վրաստանը Ռուսաստանի ճնշման տակ է և Կենտրոնական Ասիա հասնելու համար կարիք ունի B պլանի։
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ փաստաթղթերի ստորագրումից հետո Էրդողանը նույնպես մեկնեց Միացյալ Նահանգներ, որտեղ Թրամփն առաջարկեց համատեղ աշխատել Սիրիայի և Գազայի հատվածի վերականգնման համար։ Միացյալ Նահանգներն առաջարկեց, որ Թուրքիան կառուցի Եվրամիությունից դեպի Կենտրոնական Ասիա տանող ճանապարհներ և ներգրավվի կառուցողական երկխոսության մեջ։ Միացյալ Նահանգները ցանկանում է, որ այս աշխարհագրական գոտում տնտեսական երկխոսությունը սկսվի և հակամարտությունները նվազեն։ Ե՛վ ԵՄ-ն, և՛ Միացյալ Նահանգները ցանկանում են մուտք գործել Կենտրոնական Ասիա, և Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը պետք է կամուրջ ծառայեն այս գործընթացում։ Այս բոլոր դերակատարները պետք է պատասխանատվություն ստանձնեն»,- ընդգծել է Փայլանը։
Նա կրկնել է, որ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել 2026 թվականի սկզբին, եթե Ալիևը չխանգարի, իսկ նա կարող է խանգարել։
«Սակայն այժմ այս գործընթացների հետևում լուրջ ուժ է՝ հանձին ԱՄՆ-ի։ Եթե Վաշինգտոնից բավարար ճնշում լինի, գուցե առաջընթաց գրանցվի։ Թուրքիան, անկասկած, ցանկանում է բացել Կարսի և Գյումրու միջև երկաթուղին»,- հավելել է Փայլանը։











