ԱՄՆ խոշոր օդանավակայաններում նոյեմբերի 7-ին մոտ 700 չվերթ չեղարկվել է դաշնային կառավարության աշխատանքի շարունակական դադարի (շաթդաունի) պատճառով։ Այս մասին տեղեկացրել է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով մի քանի ամերիկյան ավիափոխադրողների տրամադրած տեղեկատվությանը։
American Airlines-ը կչեղարկի 220 չվերթ, United Airlines-ը՝ 188, Delta-ն՝ 170, իսկ Southwest-ը՝ մոտ 100։ Կառավարության աշխատանքի դադարեցումն ընթանում է արդեն 37-րդ օրը։
Ավելի վաղ Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ նոյեմբերի 7-ից սկսած ավիաչվերթների սահմանափակումներ կմտցնի մի քանի խոշոր օդանավակայաններում եւ կսահմանափակի տիեզերական արձակումները օրվա որոշակի ժամերին՝ շաթդաունի պատճառով։
ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը սկսվել է հոկտեմբերի 1-ի կեսգիշերին՝ ֆինանսավորման պակասի պատճառով։ Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Կոնգրեսում հանրապետական եւ դեմոկրատ ներկայացուցիչները չեն կարողացել համաձայնության գալ մի շարք ծախսերի, այդ թվում՝ առողջապահական, վերաբերյալ։ Նրանք դեռեւս չեն կարողանում պայմանավորվածություն ձեռք բերել։ Դեմոկրատներն ու հանրապետականները միմյանց մեղադրում են շաթդաունը հրահրելու եւ քաղաքական շահի համար այն երկարաձգելու մեջ։
ԱՄՆ կառավարության աշխատանքի ներկայիս դադարեցումը դարձել է երկրի պատմության մեջ ամենաերկարը՝ գերազանցելով 2018-2019թթ․ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում սահմանված ռեկորդը։ 2018թ․ դեկտեմբերի 22-ի կեսգիշերին սկսված շաթդաունն ավարտվեց 35-րդ օրը՝ 2019թ․ հունվարի 25-ին։




























