Հայտնի են դարձել ֆուտբոլի Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Գարի Սփիդի մահվան մանրամասները, հաղորդում է Daily Mail-ը: Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին Սփիդին կախված էին գտել սեփական տանը:

Ամիսներ անց, նրա կինը` Լյուսի Սփիդը, որոշ մանրամասներ է պատմել: Այդ օրն ամուսինները երեկոն անցկացրել են ընկերների հետ: Սփիդը շատ ուրախ է եղել եւ ոմանց դա տարօրինակ է թվացել: Վերադառնալով տուն` ամուսինները վիճել են: Լյուսին ցանկացել է դուրս գալ տանից եւ մի փոքր շրջել մեքենայով, սակայն Գարին թույլ չի տվել: Դրանից հետո կինը բարձրացել է ննջասենյակ, որից 10 րոպե հետո նորից որոշել է դուրս գալ տանից: Որոշ ժամանակ անց, Լյուսին զանգահարել է Սփիդին, սակայն ամուսինը չի պատասխանել: Նա ստիպած մեքենայի մեջ է գիշերել: Առավոտյան Լյուսին պատուհանից տեսել է ամուսնու կախված մարմինը: Դրանից հետո Լյուսին արթնացրել է որդիներին, որպեսզի նրանք բացեն տան դուռը:

Հարցաքննման ժամանակ կինը հայտնել է, որ իր եւ ամուսնու հարաբերությունները լարված են եղել, քանի որ Գարին մարզումների պատճառով շատ քիչ ժամանակ էր անցկացնում ընտանիքում:

Լյուսին նշել է նաեւ, որ ինքնասպանություն գործելուց մի քանի օր առաջ Սփիդը կարճ հաղորդագրություն է ուղարկել իրեն, որում նշված է եղել, որ պատրաստվում է հեռանալ կյանքից:

Գարի Սփիդն Ուելսի հավաքականը գլխավորում էր 2010 թ. դեկտեմբերից: Նրա գլխավորությամբ ուելսցիները 10 հանդիպում են անցկացրել, որոնցից 5-ում հաղթել են, 5-ում` պարտվել: