Գիտնականները ներկայացրել են չորս ծալովի ոտքերով անսովոր ռոբոտացված բազկաթոռի կոնցեպտ, որը հիշեցնում է խեցգետնի․ այն կարող է տեղափոխել օգտատիրոջը տան ներսում, օգնել նստել ավտոմեքենա և հաղթահարել այնպիսի խոչընդոտներ, որոնք սովորական սայլակների ուժերից վեր են, հաղորդում է Live Science-ը։

Toyota-ի ստեղծած Walk Me անվանումով նախատիպը ներկայացվել է Japan Mobility Show 2025 ցուցահանդեսում։

Սարքի չորս հենակ ոտքերը կրկնում են կենդանիների շարժման սկզբունքը և համալրված են LiDAR լազերային սենսորներով, որոնք թույլ են տալիս կառուցել տարածքի եռաչափ քարտեզ, հայտնաբերել խոչընդոտները և ինքնուրույն մանևրել։

Ռոբոտացված բազկաթոռը նախատեսված է շարժունակության սահմանափակում ունեցող մարդկանց համար և կոչված է լուծել այն խնդիրները, որոնք չեն հաղթահարում ավանդական սայլակները՝ աստիճաններով բարձրանալը, անհարթ մակերեսներով անցումը, ավտոմեքենա նստելը։

Օրինակ՝ համակարգը նախ «փորձարկում» է առջևի ոտքերը՝ աստիճանի բարձրությունը որոշելու համար, ապա հետևի ոտքերը բարձրացնում են կորպուսը։ Ներկառուցված քաշային սենսորներն ու դիրքի կառավարման համակարգը հետևում են կայունությանը և անվտանգությանը։

Նստատեղը պատված է փափուկ նյութով, որը միաժամանակ պաշտպանում է մեխանիզմները և սարքին տալիս է հարմարավետ տեսք։ Կա նաև կառավարման բռնակներ՝ օգտատերը կարող է ուղղորդել բազկաթոռը ձեռքով կամ ակտիվացնել ձայնային հրամաններ, օրինակ՝ «հյուրասենյակ» կամ «ավելի դանդաղ»։ Սարքը սնվում է մարտկոցից, որի լիցքավորումը բավականացնում է ամբողջ օրվա աշխատանքի համար։

Նախագծի հեղինակները ընդգծում են, որ սա դեռ նախատիպ է․ առջևում են լրացուցիչ մշակումները, փորձարկումները և սերտիֆիկացումը։