ԱՄՆ սենատորները երկկուսակցական համաձայնություն են ձեռք բերել, որը թույլ կտա դադարեցնել շաթդաունը և վերսկսել ամերիկյան կառավարության աշխատանքը, հայտնում է CNN-ը։ Համապատասխան օրինագիծը ստացել է 60 սենատորի աջակցությունը, իսկ 40-ը դեմ են արտահայտվել։ Պայմանավորվածությունը թույլ կտա ֆինանսավորում հատկացնել կառավարության աշխատանքի համար մինչև 2026 թվականի հունվարի 30-ը։ Այժմ փաստաթուղթը կվերադարձվի Ներկայացուցիչների պալատ, իսկ այնուհետև այն պետք է ստորագրի նախագահ Դոնալդ Թրամփը։ Հաստատման գործընթացը կարող է տևել ևս մի քանի օր։ Ինքը՝ Թրամփը, հայտարարել է, որ երկիրը մոտ է կառավարության աշխատանքի վերսկսմանը։ «Դուք այդ մասին շատ շուտ կիմանաք», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։
ԱՄՆ-ում շաթդաունը սկսվել է հոկտեմբերի 1-ին և շարունակվում է արդեն 40-րդ օրը։ Այն դարձել է ամենաերկարը երկրի պատմության մեջ։ Նախորդ ռեկորդը՝ 35 օր, գրանցվել է Թրամփի նախագահության առաջին ժամկետում և ավարտվել 2019 թվականի հունվարին։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Կոնգրեսը չէր կարողանում համաձայնության գալ պետական ծառայությունների ֆինանսավորման շուրջ, քանի որ դեմոկրատները պնդում էին պահպանել Obamacare-ի շրջանակներում տրվող սուբսիդիաները և դեմ էին հանդես գալիս Medicaid-ի արտոնյալ բժշկական ապահովագրության ծրագրի կրճատմանը, իսկ հանրապետականները հրաժարվում էին զիջել այդ հարցում։
Շաթդաունը դադարեցնելու դիմաց Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը դեմոկրատներին խոստացել է դեկտեմբերին քվեարկություն անցկացնել բժշկական սուբսիդիաների երկարաձգման շուրջ։ Համաձայնագիրը նախատեսում է նաև շաթդաունի ընթացքում աշխատանքից ազատված դաշնային ծառայողների վերականգնումն իրենց պաշտոններում և նրանց փոխհատուցումների վճարումը։ Հոկտեմբերի 1-ից գրեթե 1,5 միլիոն պետական ծառայող և զինվորական ուղարկվել են չվճարվող արձակուրդ կամ ստիպված են եղել աշխատել առանց վարձատրության։
Ըստ տնտեսագետների հաշվարկների՝ շաթդաունը ԱՄՆ-ին արժենում էր շաբաթական 10 միլիարդ դոլարից մինչև 30 միլիարդ դոլար։ Կառավարության աշխատանքի դադարեցման պատճառով պետական ծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները ավելի քիչ էին ծախսում, իսկ վճարումների բացակայությունը բացասաբար էր անդրադառնում պետական հիմնարկների բազմաթիվ կապալառու ընկերությունների վրա։ Ընդ որում, շաթդաունը ազդել է ոչ միայն բուն ԱՄՆ-ի, այլև Եվրոպայում գտնվող նրա ռազմական բազաների վրա, որտեղ դադարեցվել են տեղի աշխատողների վճարումները։ Մասնավորապես, Associated Press-ի տվյալներով, Իտալիայի և Պորտուգալիայի բազաներում հազարավոր աշխատակիցներ աշխատել են առանց աշխատավարձերի։





























