ԱՄՆ կառավարության ֆինանսավորման մասնակի դադարեցումը հանգեցրել է նրան, որ դաշնային իշխանությունները դադարեցրել են Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմական բազաների տեղացի աշխատողների վճարումները, հաղորդում է Associated Press-ը։

Նրա տվյալներով՝ այս իրավիճակը ազդել է հազարավոր եվրոպացի աշխատակիցների վրա, որոնք սպասարկում են ամերիկյան բազաները։ Եվրոպայի որոշ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, իրենց վրա են վերցրել վերոնշյալ աշխատողների աշխատավարձերի վճարումը՝ հույս ունենալով, որ շաթդաունի դադարեցումից հետո Վաշինգտոնը կփոխհատուցի վճարումները։ Միևնույն ժամանակ, մի քանի եվրոպական երկրներ, այդ թվում՝ Իտալիան և Պորտուգալիան, պարզապես թողել են աշխատողներին առանց աշխատավարձի։

ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը (շաթդաուն) սկսվել է հոկտեմբերի 1-ի կեսգիշերին՝ ֆինանսավորման բացակայության պատճառով։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսում իշխող Հանրապետական և ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները չեն կարողացել համաձայնության գալ ծախսերի մի շարք հոդվածների շուրջ, այդ թվում՝ առողջապահության ոլորտում։