Աշխարհում, որտեղ մեքենայի և բանականության միջև սահմանը գնալով նեղանում է, ռոբոտ-շներն առաջին սարքերից են, որոնք կիրառություն են գտել բազմաթիվ ոլորտներում: Սկզբում դրանք մշակվել են հիմնականում ռազմական և արդյունաբերական կիրառությունների համար:

Boston Dynamics-ի լեգենդար Spot-ից մինչև Sony-ի սրտառուչ Aibo-ն, այս մեխանիկական շները մարմնավորումն են, թե ինչպես են արհեստական ​​բանականությունը և ռոբոտաշինությունը ձևավորում մարդկության ապագան: Naked Science-ը ներկայացնում է աշխարհում գործող ամենահայտնի և ֆունկցիոնալ ռոբոտ-շներից հինգը:

  1. Boston Dynamics Spot

Ընդամենը 25 կիլոգրամ քաշով Spot-ն առաջին արդյունաբերական ռոբոտն էր, որն իսկապես գրավեց հանրության ուշադրությունը, երբ շուկա մտավ 2020 թվականի հունիսին: Այդ ժամանակվանից ի վեր այս վառ դեղին չորքոտանի ռոբոտն արժանիորեն պահպանել է ալֆայի կարգավիճակն իր նմանների շրջանում:

Spot-ը զարմանալիորեն ճկուն է. կարող է կողմնորոշվել անհարթ տեղանքում, բարձրանալ աստիճաններով և նույնիսկ պարել՝ միաժամանակ կատարելով կարևոր արդյունաբերական վերահսկման առաջադրանքներ: Լայնորեն օգտագործվում է նավթային հարթակներում, ատոմակայաններում և շինհրապարակներում՝ այն վայրերում, որտեղ մարդկանց համար անվտանգ չէ:

  1. ANYbotics ANYmal

Քիմիական գործարաններից և ծովային հարթակներից մինչև հանքեր. շվեյցարական ANYbotics ընկերությունը ստեղծել է ANYmal-ը՝ ամենադժվար միջավայրերում գործելու համար, որտեղ մարդկանց մահացու վտանգ է ապառնում։

Ռոբոտը լիովին ինքնավար է. կարող է գծել երթուղիներ, սկանավորել տարածքներ և հայտնաբերել արտահոսքեր, գերտաքացում կամ մեխանիկական խափանումներ՝ վթարներից շատ առաջ։ ANYmal-ը ջրակայուն է և փոշուց պաշտպանված, վստահորեն անցնում է անհարթ մակերեսներով և բարելավում ծանր արդյունաբերության անվտանգությունն ու արդյունավետությունը։

  1. Unitree B2

Չինական Unitree ընկերությունը հասել է ֆունկցիոնալության և մատչելիության տպավորիչ հավասարակշռության։ B2 մոդելը նախատեսված է լոգիստիկայի, ստուգումների և 3D քարտեզագրման համար։ Սա հուսալի և դիմացկուն ռոբոտ-շուն է՝ առանց աստղաբաշխական գնի։

Շնորհիվ բարձր մանևրելու և մարտկոցի երկար աշխատանքի՝ B2-ը լայնորեն օգտագործվում է պահեստներում, արհեստանոցներում և տեխնիկական ծառայություններում՝ ինքնավար մոնիթորինգի և տվյալների հավաքագրման համար։ Մեծ բեռնունակությունը թույլ է տալիս այն հագեցնել սենսորային մոդուլներով կամ մանիպուլյատորներով՝ մասնագիտացված առաջադրանքների համար։

  1. Ghost Robotics Vision 60

Vision 60-ը ամուր և կայուն ռոբոտ-շուն է, որը նախատեսված է պաշտպանական և անվտանգային խնդիրների համար: Վստահորեն կողմնորոշվում է անհարթ տեղանքում, գործում է անբարենպաստ եղանակային պայմաններում և կարող է պարեկություն կամ հետախուզություն կատարել վտանգավոր տարածքներում:

Մոդուլային ճարտարապետության շնորհիվ Vision 60-ը կարող է հեշտությամբ հագեցվել տարբեր բեռներով՝ տեսախցիկներից մինչև ճառագայթման սենսորներ: Ռազմական և սահմանապահ ծառայությունների համար հուսալի ինքնավար հարթակ է, որը վտանգավոր միջավայրերում մարդկանց համար նվազեցնում է ռիսկը:

  1. Sony Aibo (ERS-1000)

Aibo-ն սենսորային մոդուլներ չունի և ժայռերի ծերպերով չի վազում, բայց գրավում է սրտերը: Այս տնային ռոբոտը նախատեսված է ոչ թե աշխատանքի, այլ ընկերակցության համար: Իրատեսական շարժումները, «զգացմունքները» և տիրոջ սովորությունները հիշելու ունակությունը նրան դարձնում են իսկական էլեկտրոնային ընտանի կենդանի:

Aibo-ն կատարյալ է տարեցների, երեխաների կամ ընտանիքների համար, որտեղ իսկական ընտանի կենդանին անհասանելի է: Ամպային արհեստական ​​բանականության շնորհիվ ռոբոտը սովորում, ճանաչում և հարմարվում է տիրոջը: Aibo-ն ցույց է տալիս, որ ռոբոտատեխնիկան կարող է ոչ միայն օգնել, այլև կարեկցել։