Որպես կրիպտո ներդրումային հարթակ ներկայացող HelloBit–ը օրեր առաջ սառեցրել է օգտատարերի հաշիվները, ինչի հետևանքով հազարավոր քաղաքացիներ ֆինանսական լուրջ կորուստներ են կրել։

«Մարդկանց առաջարկում էին ներդրումներ անել և ստանալ օրական 2-3 տոկոսի չափով գումար։ Նաև, երբ այլ մարդկանց ես ներգարվում, ապա հավելյալ տոկոսներ ես ստանում։ Արտաքինից ներդրումային հարթակ է՝ շատ գայթակղիչ տոկոսներով, ներքուստ՝ տիպիկ ֆինանսական բուրգ, այսինքն զեղծարարություն: Այդ ձևով ներգարվում են հնարավորինս շատ մարդ, և երբ համոզվում են, որ շուկան հագեցել է և այլևս չեն կարող մարդ ներգրավել, ուղղակի հավաքում են գումարներն ու թռնում»,-NEWS.am–ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ վերջին օրերին իրեն հարյուրավոր քաղաքացիներ են դիմել և ահազանգել, որ ֆինանսական մեծ կորուստներ են ունեցել։

Թե որքան գումար են ընդհանուր առմամբ կորցրել քաղաքացիները, դեռևս հայտնի չէ։ Փորձագետի խոսքով, իրեն դիմողները մի քանի հարյուրից մինչև տասնյակ հազարավոր դոլարներ են կորցրել։

Ներքին գործերի նախարարությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ նման կասկածելի հարթակներում ներդրումներ կատարելուց։ Իսկ եթե արդեն ընկել են զեղծարարների թակարդն ու գումար ներդրել գոյություն չունեցող բիզնեսներում, դիմել ոստիկանություն։

«Նախ, պետք է հասկանալ, որ սրանք լուրջ, հանցագործ միջազգային թիմեր են, և շատ քիչ է հավանականությունը, որ նրանց կբռնեն։ Բայց այստեղ մի կարևոր բան կա. շատերը չեն դիմում ոստիկանություն, որովհետև հույս չունեն, որ կարող են վերադարձնել կորցրած գումարը, բայց եթե օրինակ, 2-3 տարի անց որևէ երկրում բռնվեն այդ զեղծարարները, ոստիկանություն դիմած քաղաքացիները կունենան վնասի փոխհատուցման հնարավորություն։ Գումարը վերադարձնելու այլ տարբերակներ չկան։ Մի՛ հավատացեք, թե որևէ հաքեր կամ իրավաբան կարող է ձեզ օգնել վերադարձնել հաշիվները»,–նշեց փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։