Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ընդդիմությունը ասում էր՝ սա միակողմանի ապաշրջափակում է, Հայաստանի համար ոչինչ չի ապաշրջափակվելու, Հայաստանը մնալու է շրջափակման մեջ, Հայաստանը միակողմանի զիջումներ է արել, Ադրբեջանը համար է միայն ապաշրջափակում լինելու, իսկ հիմա իրենք քննարկում են, թե ցորենը որ կարգի է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով նրան, որ ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանությունը չորրորդ կարգի անորակ ցորեն է բերել Ադրբեջանի տարածքով ու թմբկահարում է, թե ապաշրջափակում է եղել։

«Սա, կարծում եմ՝ արդեն իսկ խոսուն է։ Իսկ ընդհանրապես, ես ցորենի մասնագետ չեմ, երևի էկոնոմիկայի նախարարությանը հարցնեք։ Բայց ես չեմ կարծում, որ ինչ որ անհատ ձեռներեց պիտի ուզենա ներկրի ցորեն, որը իր նպատակին չի ծառայում։

Մեկ էլ, Ռուսաստանից եկած ցորենի մասին ի՞նչ են ասում, նորմա՞լ ա, բավարարո՞ւմ է իրենց»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ պարզ դարձավ, որ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան բերված ցորենը 4–րդ կարգի է, այսինքն անասնակերի համար է, իսկ էլի Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից եկածը՝ բարձր կարգի է։