Ես ընդամենը երեք-չորս օր առաջ շատ երկար հարցազրույց եմ տվել, հանգիստ, առանց ջղաձգումների պատասխանել եմ շատ-շատ հարցերի, թույլ տվեք գոնե մի երեք-չորս օր էլ ծանոթանամ արձագանքներին, նոր բոլոր ձեր հարցերին կպատասխանեմ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Անդրադառնալով իր նկատմամբ նոր մեղադրանքներ առաջադրելու փաստին, նա ասաց. «Հայտնի փաստ է դա, առանձին մեղադրանք չէ։ Ես վստահ եմ, որ այդ գործերը միացնելու են այս գործերից մեկին»։
Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը 2019–ին ասում էր, որ բանակցային սեղանին որեւէ թուղթ չկա, իսկ օրերս հայտարարեց, որ հրապարակելու է դրանք, Սերժ Սարգսյանն ասաց. «Կարևորը էդ չի, կարևորը էն է, որ կարողացանք կորզել գոնե խոստում բանակցային փաստաթղթերը հրապարակելու, տեսնենք»։
Նա խոսեց նաև մեղադրանքների մասին, թե նախկին նախագահներն ու Ադրբեջանի իշխանությունները միևնույն մեղադրանքներ եք հնչեցնում գործող իշխանության հասցեին. «Պետք չի սեփական անճարակությունը ուրիշներին վերագրել»,–ասաց նա։











